Սիրիայի օդուժը հարվածներ է հասցրել թուրքական ավտոշարասյանը (տեսանյութ)

Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Իդլիբի ուղղությամբ: «Ermenihaber.am»-ի տեղեկացմամբ, նախօրեին սիրիական օդուժը հրթիռակոծել է Մաարեթ Էլ Նուման-Հան Շեյհուն ավտոճանապարհը, որով Թուրքիայի զինուժը փորձում էր լրացուցիչ ուժեր տեղափոխել Հան Շեյհուն շրջանում տեղակայված թուրքական 9-րդ և 10-րդ դիտակատեր: Հարվածներից հետո թուրքական ավտոշարասյունը չի կարողացել առաջ շարժվել։

Թուրքիայի պաշտպանության նախարարության համաձայն՝ հրթիռակոծման հետևանքով խաղաղ բնակչությունից 3 մարդ է սպանվել, ևս 12-ը վիրավորվել են։

Թուրքիայի ՊՆ-ը հայտարարություն է տարածել, որ չնայած Ռուսաստանի հետ պայմանավորվածությանը, «Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են խախտել Իդլիբում հաստատված հրադադարը»:

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ թուրքական կողմը Ռուսաստանին նախապես իրազեկել էր լրացուցիչ ուժեր ուղարկելու մասին։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը hույս է հայտնել, որ միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի նմանատիպ դեպքերը չկրկնվեն։

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Սիրիայի կառավարական ուժերն այժմ միջոցներ են ձեռնարկում Իդլիբ նահանգի Հան Շեյհուն քաղաքի վրա վերահսկողություն սահմանելու համար։

Նշենք, որ Իդլիբն ահաբեկիչների համար վերջին հենակետն է Սիրիայում։ Բացի ընդդիմադիր զինված ուժերից, այնտեղ կան ահաբեկչական կազմակերպություն համարվող «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի զինյալներ։ Սիրիայի բանակի հրամանատարությունը վերջերս հայտարարեց, որ կդադարեցնի ռազմական գործողությունները, եթե Թուրքիան կատարի Իդլիբի համաձայնագրով ստանձնած պարտականությունները։

2018թ. սեպտեմբերին Անկարայի և Մոսկվայի միջև ձեռք բերված համաձայնությամբ, ծանր և միջին զինտեխնիկան ապառազմականացված գոտուց պետք է 20 կմ հեռու տեղափոխվեր։ Թուրքիան էլ իր հերթին պետք է երաշխավորեր այդ գործընթացի անվտանգությունը:

Սիրիայի կառավարական ուժերն օգոստոսի 5-ին կրկին վերսկսեցին ռազմական գործողությունները՝ համաձայնության դրույթները չիրականացվելու պատճառով։