Փաշինյան Մեծագույն մանիպուլյատորն Ամուլսարի հարցում ցույց տվեց իր իրական դեմքը` ՀՀ ազգային անվտանգության ու բնության համար հրեշավոր

Եթե գրեմ, որ ՀՀ վարչապետի աթոռին տիրացած Նիկոլ Փաշինյանը և փաշինյանական իշխանությունն երեկ առավել քան ակնառու ցույց տվեցին իրենց իրական դեմքը, անշուշտ, սխալ թույլ տված կլինեմ, քանզի Փաշինյանն ու նրա իշխանությունն իրենց իրական դեմքը վաղուց ու բազմաթիվ առիթներով են ցույց տվել: Բայց, այնուամենայնիվ, 2019թ. օգոստոսի 19-ն այդ առումով հատկանշական է, քանզի խնդիրը վերաբերում է Ամուլսարի ոսկու հանքը բացել-չբացելուն, հանքավայրում հետագա աշխատանքները և հանքի շահագործումը թույլատրել-չթույլատրելու հարցում Փաշինյանի դիրքորոշմանը: Իսկ Ամուլսարի խնդիրը, ինչպես հայտնի է, զուտ բնապահպանական չէ, այլ Հայաստանի և հայության լինելիության, գոյության խնդիրն է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն հայտնի է, ջերմուկցիներին ավելի վաղ խոստացել էր, որ երբ պատրաստ կլինեն, կստացվեն ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները, դրանք կվերցնի, կգա Ջերմուկ ու տեղի բնակչության հետ կքննարկեն խնդիրը:

Փորձաքննությունների եզրակացությունները ՀՀ քննչական կոմիտեն ս. թ. օգոստոսի 7-ին արդեն ստացել է, օգոստոսի 14-ին իր կայքում հրապարակել դրանց հայերեն թարգմանությունը, սակայն Փաշինյանը դրժելով իր խոստումը, որոշեց չգնալ Ջերմուկ, այլ Երևանում, Բաղրամյան-26-ում ընդունել տեղի հասարակայնության ներկայացուցիչներից խիստ սահմանափակ թվով մարդկանց:

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ում ՀՀ կառավարության անդամների, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների, Ջերմուկ համայնքի ավագանու անդամների, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչների, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև բնապահպանական մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ «քննարկել» է Ամուլսարի հանքի շահագործման հարցը: Այդ «քննարկում» կոչվածը վարչապետի և իշխանական թևի կողմից, ըստ էության, եղել է ձևական բնույթի մի միջոցառում, քանզի նրանք անտեսել են հանքի շահագործման դեմ բերված փաստարկները: Այս ամբողջը` Նիկոլ Փաշինյանի դիմումով (շնորհակալություն Ալեն Սիմոնյանին այս բացահայտման համար) ՀՀ քննչական կոմիտեի կողմից քրեական գործի հարուցումը, փորձաքննությունների նշանակումը, այսօրվա «քննարկումը» յուրօրինակ դերասանություն են, որը բնորոշելու համար ժողովուրդն ավելի կոպիտ բառ ունի` «կապիկություն»:

Ապա պատկերացրեք` եթե Փաշինյանը Ամուլսարի շահագործումը թույլ չտալու որոշում կայացրած լիներ, ինչի համար բավարար հիմքեր կային ու կան, ապա նա կխուսափե՞ր Ջերմուկ գնալուց ու ջերմուկցիների հետ հանդիպումից… Իհարկե՛ ոչ: Մեծագույն պոպուլիստն ու փառամոլն իր գնալով կորսվող հեղինակությունը վերականգնելու, ժողովրդի փառքին արժանանալու համար գիշերն էլ չէր քնի, պատկերավոր ասած, վազելով կգնար Ջերմուկ` նրանց ու բոլորիս համար այդ խիստ կարևոր, ուրախալի լուրը հայտնելու, իր փրկարար որոշման մասին իրազեկելու համար:

Նաև այն փաստը, որ վարչապետը դրժելով իր խոստումը, վախեցավ գնալ Ջերմուկ և հանդիպել լայն կազմով տեղի հասարակայնության ներկայացուցիչներին, նրանց դեմ դիմաց կանգնել և աչքերին նայելով քննարկել Ամուլսարի խնդիրը, արդեն իսկ, մինչ երեկ երեկոյան Փաշինյանի լայվը, վկայում էր, որ նրա միտքը ծուռ է… Այսինքն` նա անկախ ամեն ինչից, արդեն որոշում էր կայացրել (պարզապես այդ պահի դրությամբ դեռ չէր հրապարակել), որ Ամուլսարի հանքը պետք է բացվի, շահագործվի: Կամ, եթե կամովին չէր կայացրել նշված որոշումը, ապա ԱՄՆ-ի և (կամ) Մեծ Բրիտանիայի պաշտոնական բավական լուրջ շրջանակներից նրան ստիպել էին կայացնել Ամուլսարի հանքը շահագործելու որոշում: Եվ ի՞նչ աներ` գնար հանքը շահագործելու որոշման մասին հայտներ ջերմուկցիներին, նրանց թուքումրին արժանանար, խայտառա՞կ լիներ…

Այն, որ վարչապետի որոշումը Ամուլսարի շահագործման կողմն է, ոչ թե շահագործմանը նպատակաուղղված աշխատանքներն արգելելու, դադարեցնելու և հանքի շահագործումը թույլ չտալու, Բաղրամյան-26-ում հիշյալ հանդիպումից քիչ ուշ հաստատվեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հայտարարությամբ, ըստ որի, վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի  շահագործումը դադարեցնելու համար: Իսկ այն, ինչ դրանից հետո լրագրողներին ասել է վարչապետի մամուլի քարտուղարը, մանիպուլյացիա է, հասարակական կարծիքը մանիպուլացնելու փորձ:

Ի դեպ, Վլադիմիր Կարապետյանը հավելել է նաև, որ այս պահի դրությամբ նոր փորձաքննության անցկացման հիմքեր չկան, կարծում ենք, դա նույնպես բավարար է Փաշինյանի իրական մտադրությունը հասկանալու համար: Հատկանշական է, որ ոստիկանների ուղեկցությամբ Բաղրամյան-26-ից հեռացող Վլադիմիր Կարապետյանին դիմելով, փաստաբան Գեղամ Սիմոնյանն ասել է. «Պարոն խոսնակ, ժողովրդավարությունը Հայաստանում մեռավ, կեցցե թավշյա ավտորիտարիզմը, փոխանցեք վարչապետին»:

«Այն, ինչ նախատեսվում էր, որ քննարկում լինի մասնագետների մասնակցությամբ, չեղավ, չնայած հնարավորություն եղավ, որ մենք մեր պնդումները շատ արագ ներկայացնենք, բայց արդեն ոնց որ այդ հարցը որոշված էր, որ ամեն ինչ պետք է արվի քրեական գործի սահմաններում,- լրագրողներին ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:- Քրեական գործը լրիվ դատավարության նորմերի խախտումով է արվում և «Էլարդի» այս ուսումնասիրության հիման վրա չի կարելի հայտարարել, որ այս գործը պետք է կարճվի: Ես կսպասեմ, թող այս գործը կարճվի, նոր արդեն իմ իրավաբանական, փաստաբանական հայտարարությունը կանեմ»:

«Բնապահպանության հետ կապված խնդիր ընդհանրապես չկա»,- երեկվա լայվի ընթացքում ասաց Փաշինյանը` իր ելույթի գրեթե ամբողջ ընթացքում թույլ տալով հասարակական կարծիքը մոլորեցնող բազմաթիվ մանիպուլյացիաներ, որոնց առաջիկայում հանգամանորեն կանդրադառնանք:

Արթուր Հովհաննիսյան