ՌԴ-ը ֆիզիկական անձանց համար խստացրել է մրգերի, բանջարեղենի և ծաղիկների ներկրման կանոնները․ ՏԱՍՍ

Ռուսաստանի տարածք մրգերի, բանջարեղենի, ծաղիկների ներկրման նոր կանոնները պաշտոնապես ուժի մեջ են մտնում օգոստոսի 19-ից՝ փաստաթղթերով ամրագրելով արդեն գործող նորմաները: Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ գործակալությունը։

ՌԴ կառավարության՝ իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում հրապարակված որոշման համաձայն՝ ուղեբեռում և ձեռնածանրոցում թույլ կտրվի ներկրել 5 կիլոգրամից ոչ ավելի միրգ և բանջարեղեն և երեքից ոչ ավելի ծաղկեփունջ:

Ավելի խոշոր խմբաքանակների ներկրման համար կպահանջվեն համապատասխան ուղեկցական փաստաթղթեր՝ բուսասանիտարական հավաստագրեր: Դրանց բացակայության դեպքում ենթակարանտինային արտադրանքը կա՛մ կվերադարձնեն հետ, կա՛մ կոչնչացնեն սեփականատիրոջ հաշվին: Կանոնները կտարածվեն տրանսպորտի բոլոր տեսակների վրա, ներառյալ ջրային, ավիա-, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտը: