Պարգև սրբազանը խոսել է Սատանայի, նրա բանակի կողմից մղվող պատերազմի մասին (տեսանյութեր)

«Սուրբ դաշինք» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ վերջերս մի խումբ անձինք ուխտագնացություն են կատարել Արցախ, այդ կարևոր ուխտագնացության շրջանակում հանդիպել նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին ու հարցազրույց վարել նրա հետ։

Սրբազանի հետ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ստամբուլյան վտանգավոր կոնվենցիային ու դրա հնարավոր վավերացման խնդրին։ «Սուրբ դաշինք»-ի անդամները լսել են սրբազանի հայրական խոսքը Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ, կարևոր են համարել հասարակությանը հասցնել նրա ակնարկը, որ Ստամբուլյան կոնվենցիան պարունակում է ականներ, որոնք կպայթեն կոնվենցիայի վավերացումից հետո: Մասնավորապես խոսք է եղել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ քրիստոնեական երկիրն այլասերելու, տկարացնելու, Աստծո օրհնությունից զրկելու և անպաշտպան դարձնելու վտանգի մասին։

Պարգև սրբազանն ասել է նաև, որ մարտահրավերներին դիմակայելու համար ազգն իր ազգային ավանդական արժեքները պետք է շատ ամուր պահի, այլապես մենք կդառնանք կոսմոպոլիտ, կստացվի, որ ավելի քան 2000 տարի իզուր ենք արյուն թափել, մեր ինքնությունը պահպանել:

Գլոբալիզացիայի շրջանակներում, որն այսօր ջնջում է սահմանները պետությունների, ազգերի, հավատքի միջև, կատարվում են հակաքրիստոնեական քայլեր` քրիստոնեական երկրներում տարածվում է այլասերումը, ընդլայնվում են սեռական փոքրամասնությունների իրավունքները։

LIVEnews.am կայքի տաղավարում «Սուրբ դաշինք»-ի հիշյալ նախաձեռնության, մասնավորապես, Արցախի թեմի առաջնորդի հետ հանդիպման, ինչպես նաև առկա մարտահրավերների շուրջ է մեր զրույցը ուխտագնացության մասնակիցներից պահեստազորի գնդապետ Գագիկ Գրիգորյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում