Շվեյցարահայ գործարարը ծրագրել է Հայաստանում զարգացնել մեխանիկական մեքենայացման ուղղությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է շվեյցարահայ գործարար Վարդան Սիրմաքեշին։ Այս մասին տեղեկացնում են  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից;

Շվեյցարահայ գործարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ տեղյակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի առաջընթացի, հայ մասնագետների ներուժի, բարձր որակների մասին և ցանկանում է Հայաստանում ծրագիր սկսել, որը տեխնոլոգիական ոլորտին զուգահեռ կզարգացնի մեխանիկական մեքենայացման ուղղությունը։ Նա ընդգծել է, որ ուզում է Հայաստան ներմուծել նորագույն, վերջին սերնդի ճշգրիտ հաստոցներ՝  դրանով նպաստելով մեր երկրում արտադրության և ռազմարդյունաբերության զարգացմանը։

Նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ ներկայացված առաջարկը շատ կարևոր է Հայաստանի առաջընթացի և զարգացման համար և պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցելու ծրագրի իրականացմանը։

Նա ասել է, որ դեռ խորհրդային տարիներին ունեցել ենք շատ զարգացած արդյունաբերական համակարգ, իրենց գործին գիտակ բարձրակարգ մեխանիկ ինժեներներ, և որ հիմա էլ կան նախագծեր՝ ռազմարդյունաբերության մեջ կիրառելու համար, և ներկայացված առաջարկությունն, անշուշտ, կօգնի այդ ուղղությամբ արագ առաջ գնալու և զարգանալու։

Նախարարը  շվեյցարահայ գործարարին է ներկայացրել նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության մոտեցումները, դրա զարգացմանն ուղղված առաջնահերթություններն ու ծրագրերը։ Նա անդրադարձել «Ինժեներական քաղաքի» կառուցման ծրագրին, նշել, որ նախատեսվում է ստեղծել այնպիսի էկոմիջավայր, որտեղ ինժեներական ընկերությունները կյանքի կկոչեն նոր գաղափարներ՝ գիտահետազոտական նախագծերից մինչև արտադրություն։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում կազմակերպել այն մասնագետների հետ, ովքեր աշխատելու են ներկայացված ծրագրի ուղղությամբ։