Երևանում երեկ ջերմաստիճանն իրականում եղել է շատ ավելի բարձր

Կլիմայի համամոլորակային կամ գլոբալ տաքացումը, որքան էլ ոմանք փորձեն հերքել այն, իրականություն է: Ըստ բազմաթիվ մասնագետների, գիտնականների, դրա պատճառով ոչ հեռավոր ապագայում էլ ավելի աղետալի հետևանքներ են սպասվում այն ամենի համեմատ, ինչին հաճախակի տեղեկանում ենք միջազգային ու տեղական  լրահոսից:

Երեկ` հուլիսի 31-ին, Երևանում գրանցվել է օդի` ռեկորդայինին մոտ ջերմաստիճան` 40 աստիճան Ցելսիուսի սանդղակով: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում հուլիսի 31-ին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2000 թ. և եղել է 40.60 աստիճան : Երևանում այս տարվա հուլիսի 22-ի համար պաշտոնապես նշվում էր 42 աստիճան: Ինչպիսին կլինի եղանակը մայրաքաղաքում օգոստոսի 1-ից հետո, դժվար թե որևէ մեկն այս պահին կարողանա ստույգ ասել: Օդի նվազագույն ջերմաստիճանը  Երևանում հուլիսի 31-ին գրանցվել է 1985թ. և եղել է 13.40 աստիճան, իսկ մայրաքաղաքում օդի միջին օրական ջերմաստիճանը հուլիսի 31-ի համար նշվում է 26.80 աստիճանը:

Կասկածի տակ չդնելով Երևանում հուլիսի 31-ին գրանցված օդի նվազագույն ու միջին ջերմաստիճանների վերաբերյալ վերոնշյալ պաշտոնական տվյալները, նկատենք, որ արդեն մոտ երկու տասնամյակ շարունակ (չնչին բացառությամբ) ոչ միայն հուլիսի 31-ը, այլև ողջ ամառը Երևանում շատ շոգ է: Հասկանալի է, ոչ միայն երևանում, այլև Արարատի, Արմավիրի մարզերում, Մեղրիում…

Հիմա անդրադառնանք վերնագրում նշված պնդմանը: Խնդիրն այն է, որ երեկ վերոնշյալ 40 աստիճանը գրանցվել է «Հայպետհիդրոմետ»-ի դիտակայանում, որի ներսի պայմաններն էապես տարբերվում են այն պայմաններից, որոնցում գտնվում են Երևանում ապրող և, հատկապես, փողոց դուրս եկած մարդիկ: Հիշյալ դիտակայանը տեղադրված է բաց դաշտում, խոտածածկ գետնից հատուկ բարձրության վրա: «Հայպետհիդրոմետ»-ի դիտակայանը փայտե արկղ է, որը չորս կողմից օդի շարժի, հովացման համար օդանցքեր ունի, ջերմաչափը դրված է այդ արկղի մեջ, այսինքն` փայտե ծածկի տակ, և չի ենթարկվում արևի ուղիղ ճառագայթների ներգործությանը, ինչպես նաև խիստ տաքացած մայթերի, փողոցների ասֆալտից, շենք-շինությունների պատերից ճառագայթվող ջերմությանը:

Բոլորովին այլ են պայմանները Երևանում ապրողների համար: Տներում, բնակարաններում վերոնշյալ 40 աստիճանին գումարվում է նաև մայթերի, փողոցների ասֆալտից, շենք-շինությունների պատերից ճառագայթվող ջերմությունը, իսկ դրսում գտնվող մարդիկ, եթե բաց երկնքի տակ են, էլ ավելի բարձր ջերմաստիճանային պայմաններում են, քանի որ վերոնշյալ գործոնների ազդեցությանը ենթարկվելուց բացի, ենթարկվում են նաև Արեգակի ճառագայթների ուղղակի ազդեցությանը:

Ա. Հովհաննիսյան