Մանվել Գրիգորյանի որդին փոխհատուցել է 26 միլիոն դրամ

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է․ «ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 26 000 000 ՀՀ դրամ գումար:

Հարուցված քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ չարաշահումների վերաբերյալ։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

«Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ):

Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարի, «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենի և «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 26 000 000 ՀՀ դրամ գումար, որից 23 250 000 ՀՀ դրամը փոխանցվել է ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին, իսկ 2 750 000 ՀՀ դրամը, որը հանդիսանում է Վաղարշապատ քաղաքի տնտեսվարող սուբյեկտների կողմից դեռևս 2013 թվականից չվճարված տուրք, փոխանցվել է համայնքի բյուջե:

Նախաքննությունը շարունակվում է: Քննություն է տարվում՝ պատճառված վնասի ամբողջական ծավալները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած բոլոր անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»։

Խոսքը ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նախկին քաղաքապետ որդու՝ Կարեն Գրիգորյանի մասին է։