«Զվարթնոց» օդանավակայանին մոտենալիս Բոինգ 737 օդանավին հեռակառավարվող անօդաչու սարք է մոտեցել

Հուլիսի 19-ին Երևան ուղևորվող B737 օդանավի անձնակազմը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան մոտեցման գործընթացի իրականացման ժամանակ, գտնվելով Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի շրջակայքում` գետնի մակերևույթից շուրջ 1000 մետր բարձրության վրա (մոտ 1900 մետր բացարձակ բարձրության), զեկուցել է օդանավից ձախ նույն բարձրության և բավականին մոտ գտնվող հեռակառավարվող անօդաչու համակարգի (DRONE) վերաբերյալ:

Այս մասին տեղեկացրել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Չարտոնված և օդային երթևեկության սպասարկման մարմնի թռիչքատեղեկատվական կենտրոնի հետ չհամաձայնեցված թռիչքները պարունակում են անխուսափելի վտանգներ և ռիսկեր, որոնք կարող են պատճառ հանդիսանալ անդառնալի հետևանքների։

«Խնդրում և հորդորում ենք Անօդաչու թռչող համակարգերը շահագործել համաձայն 2007 թվականի ապրիլի 11-ի թիվ 56-ն (վերջին թարմացում՝ 2016 թվականի հունիսի 17-ի թիվ 100-Ն) հրամանով սահմանված դրույթների և խստորեն պահպանել թռիչքի համար թույլատրելի բարձրությունները և վայրերը»,-նշված է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հայտարարության մեջ։