ԵԽ-ը վերակացու է կարգվել ազգային արժեքներին (տեսանյութ)

Դրսում սեռափոխված անձը Հայաստանում համարվում է կին կամ տղամարդ, որքան էլ մեր օրենքով արգելվում է սեռի փոփոխությունը։

Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի ընթացքում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք տարբեր երկրներից Հայաստան ժամանած սեռափոխված անձինք իրավունք ունեն այստեղ մշտական աշխատանք ստանալ, ասաց, որ առանց կացության իրավունքի՝ դա հնարավոր չէ, ուստի պետք է պարզել, թե ինչ հիմքով են այդ մարդիկ այստեղ գտնվում, արդյոք նրանք որևէ, այդ թվում ազգային անվտանգության համար վտանգ չեն ներկայացնում։ Փաստաբանը նաև խոսեց այն հնարավոր վտանգների մասին, որոնք կարող են առաջանալ մեծ թվով նման անձանց Հայաստանում հաստատվելու դեպքում։

Խոսելով «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայից»՝ Արտաշես Խալաթյանը նշեց, որ այն ընդունելու դեպքում վերոնշյալ վտանգներն իրական կդառնան։ Ինչպե՞ս կարելի է կանխարգելել Կոնվենցիայի վավերացումը, եթե մեր հասարակության մի մասը կողմ է դրան ու վտանգներ չի տեսնում, թեև զգալի մասը տեսնում է այն հնարավոր վտանգները, որոնք կսպառնան մեր ազգային անվտանգությանը, պետականությանը, ազգային արժեքներին։ Իրավական հարցերով փորձագետի կարծիքով՝ մենք պետք է մեր մտահոգությունները հստակ շարադրենք և ներկայացնենք Եվրախորհրդին՝ ասելով, որ քանի դեռ կան այդ ռիսկերը, քանի կան մեր Սահմանադրության հետ անհամապատասխանություները, մեր երկիրը չի վավերացնելու այդ փաստաթուղթը։

Իսկ եթե այդ վտանգավոր դրույթները դուրս բերվեն, ապա Արտաշես Խալաթյանը համոզված է, որ Կոնվենցիան դատարկ փաստաթուղթ կհամարվի, քանի որ դույզն-ինչ միտված չէ կանանց դեմ բռնությունների կանխարգելմանը։ Այսինքն՝ այդ փաստաթուղթն իրականում չի ծառայում այն նպատակին, որը գրված է  դրա վերնագրում։

Մանրամասները՝ տեսանյութում