Թուրքերն ու ամերիկացիները կատակերգություն են բեմադրում

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն կամ մտադիր են լրջորեն «պատժել» Թուրքիային՝ ռուսական S-400 «Տրիումֆ» ԶՀՀ Անկարայի մատակարարման պատճառով, կամ հերթական ներկայացմանն ենք ականատես լինում, որտեղ հավատարիմ դաշնակիցները փորձում են մոլորեցնել աշխարհին:

Այժմ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև աշխույժ դիվանագիտական ​​«նամակագրություն» է ընթանում: Թուրքիայի կողմից ռուսական S-400 ԶՀՀ-ների ձեռքբերումը անհամատեղելի է Անկարային նորագույն ամերիկյան F-35 ինքնաթիռների  մատակարարման հետ․ հուլիսի 17-ին այս մասին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը: Նրա խոսքով, ԱՄՆ-ը առաջարկել է Թուրքիային՝ «կանգնել  հերթի սկիզբում»՝ ամերիկյան «Patriot» ԶՀՀ-երի ձեռքբերման համար, սակայն հաջողության չի հասել: Միևնույն ժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարարի գնումների գծով տեղակալ Էլեն Լորդը հայտարարել է, որ Վաշինգտոնը Անկարայի հետ քննարկում է F-35-ի համար կանխավճարի հետ կապված իրավիճակի լուծման տարբերակներ:  Անկարան չի զիջում ամերիկացիներին, ասելով, թե իբր որոշումները սխալ են և կարող են կտրուկ վատթարացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի մայրաքաղաքից հակասական տեղեկություններ են հայտնվում․ մեկ ասվում է, թե  Անկարան չի հրաժարվում և պատրաստ է գնել ամերիկյան «Patriot» ԶՀՀ-ն, իսկ հետո հանկարծ ցանկություն է հայտնում ամերիկյան F-35- ի փոխարեն ձեռք բերել «Սու-35» ռուսական մարտական ​​ինքնաթիռներ:

Արևմտյան և ռուսական ԶԼՄ-ների մեկնաբանությունները շատ տարբեր են և ամենից հաճախ`փոխբացառող: Ռուսաստանում ավելի հաճախ «հայհոյում են» Պուտինին, իբրև թե, հիմա ՆԱՏՕ-ն «կիմանա S-400-ի բոլոր գաղտնիքները»: Ինչ  S-400,  իբր այժմ ՆԱՏՕ-ի ձեռքերում կհայտնվի Ռուսաստանի ՀՕՊ/ՀՀՊ համակարգի բանալին։ Սակայն նման տեսությունների հակառակորդներ էլ կան: Նրանք պնդում են, որ, ընդհակառակը, Ռուսաստանն է S-400-ը Թուրքիա մատակարարելու գնով ձեռք բերել ՆԱՏՕ-ի ՀՕՊ/ՀՀՊ համակարգի որոշ «շատ գաղտնի տվյալների» և այլ հարցերի բանալիները: Դե իսկ ինչ վերաբերում է «S -400-ի գաղտնիքներին», ապա Ռուսաստանի համար դա արդեն ակտուալ չէ: Այս տարի պաշտոնապես հայտարարվել է, որ երկիրն անցնում է S -500 «Պրոմեթեյ» ԶՀՀ-երի (նույն ինքը 55P6M «Տրիումֆատոր-Մ»):

Այդ հրթիռային համակարգերը և իրենց հրթիռները Մոսկվան չի պատրաստվում վաճառել որևէ մեկին։ Ինչպես այս տարի գրում էր warbook.club/boepripasy/rakety/c-500/ կայքը, «Ս-500 հրթիռային համակարգը հնարավորություն է դիմակայելու դեռ գոյություն չունեցող զենքին»: Այդ իսկ պատճառով S-400-ը հանվել է վաճառքի, և ոչ միայն Թուրքիային, այլև Բելառուսիային, Չինաստանին, իսկ շուտով՝ Հնդկաստանին և Իրանին, ընդ որում, Իրանում ոչ հաստատում են, ոչ էլ հերքում Ռուսաստանի հետ բանակցությունները S -400-ի մատակարարման հարցով:

Ռազմական փորձագետները կօգնեն սովորական քաղաքացիներին հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է ՀՕՊ/ՀՀՊ և ավիացիոն տեխնիկայի բնագավառներում «ՆԱՏՕ-ի գաղտնիքներից» ինչ-որ բան իմանալ՝ S-400 վաճառելով ՆԱՏՕ-ի անդամ երկրին։ Այստեղ չի կարելի դիլետանտիզմով զբաղվել, անհրաժեշտ են հստակ բացատրություններ, այլ ոչ թե ընդհանուր մտորումներ։

Սակայն կարելի է ասել, որ, ըստ երևույթին, ՆԱՏՕ-ում սկսել են ինչ-որ բանից լրջորեն զգուշանալ։ Պատահական չէ, որ այժմ Բրյուսելից վերսկսվել են «տեղեկատվության արտահոսքեր» այն մասին, որ իբրև թե ՆԱՏՕ-ում մտածում են Հյուսիսատլանտյան դաշինքից Թուրքիային հեռացնելու մասին: Սակայն ԱՄՆ-ում ամենայն լրջությամբ բանավիճում են այն մասին, որ Վաշինգտոնը Անկարայի դեմ պատժամիջոցներ կկիրառի: Հուլիսի 18-ին, վերջապես, արտահայտվեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նկատի ունենալով հակաթուրքական պատժամիջոցների հարցը։

ԱՄՆ ուսումնասիրում են S -400-ը Ռուսաստանից ձեռք բերելու կապակցությամբ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նպատակահարմարությունը: «Մենք ուսումնասիրում ենք դա: Շատ դժվար իրավիճակ է մի շարք պատճառներով: Նախկին վարչակազմը Թուրքիայի հարցում շատ մեծ սխալներ է արել: Մենք դիտարկում ենք դա: Տեսնենք, թե ի՞նչ ենք անելու: Այդ մասին դեռ չեն հայտարարել»: Խոսքն Անկարայի դեմ պատժամիջոցների կիրառման մասին է: Նույն օրն ավելի ուշ այլ տեսակետ շրջանառվեց. «ԱՄՆ-ը չի ուսումնասիրում ռուսական S-400 համակարգերի ձեռքբերման պատճառով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը»: Եվ ակնարկվեց, որ Թուրքիան կարող է վերադառնալ ավիոտեխնիկայի նախագծերին և մշակումներին, ընդ որում հասկացվեց, որ F-35-ի մատակարարման պայմանագիրը չի դադարեցվի:

Սակայն Թրամփը գտնվում է ԱՄՆ սենատորների խոշոր խմբի ճնշման տակ, որոնք պնդում են. հակաթուրքական պատժամիջոցները պե՛տք է կիրառվեն: Սենատորները հուսով են, որ պատժամիջոցները հստակ ազդանշան կլինեն ՆԱՏՕ-ի անդամների համար, որոնք զենք են գնում ոչ այդ կազմակերպության անդամ պետություններից, հատկապես, նրանցից, ովքեր համարվում են ՆԱՏՕ-ի հակառակորդներ: Սակայն Թրամփը չի շտապում:

Հունիսի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Օսակայում՝ G20-ի գագաթնաժողովում, Թրամփի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում վստահաբար հայտարարել է. «Մենք լսեցինք նրանից, որ նման բան  (այսինքն՝ պատժամիջոցներ) չի լինելու»: Հիմա, դատելով Վաշինգտոնի և Անկարայի միջև հայտարարությունների փոխանակումներից, հավանաբար առևտուր է ընթանում։

Մենք, բնականաբար, չգիտենք, թե կոնկրետ ինչի՞ շուրջ և ի՞նչ փաստարկներ են մեջբերում ԱՄՆ-ը, և թե ի՞նչ հակափաստարկներով է պաշտպանվում Թուրքիան: Սակայն ԶԼՄ-ների հաղորդումներից մենք հանկարծ տեղեկացանք, որ թուրքական զինվորականները տարօրինակ պատկերացումներ ունեն, թե որտե՞ղ պետք է տեղակայվեն S-400 ԶՀՀ-րը: Ահա, թե հուլիսի 12-ին ի՞նչ է հաղորդել «Սպառազինության արտահանում» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը. «Նրանց (այսինքն՝ թուրքերին) համար սկզբունքորեն կարևոր է պաշտպանել մայրաքաղաքը։ Թուրքական լրատվամիջոցները տալիս են S-400-ի տեղակայման բոլոր սխեմաները։ Առաջին մատակարարումը՝ Անկարայի մոտ, երկրորդը`Հայաստանի հետ սահմանին մոտ»: Անկարայի հետ ամեն ինչ պարզ է․ իսկապես S-400 «Տրիումֆի» առաջին խմբաքանակը Ռուսաստանից է մատակարարվել է Թուրքիայի մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Մուրտեդ թուրքական օդային բազա: Բայց ի՞նչ է նշանակում S-400-ի տեղակայումը Հայաստանի հետ սահմանին:

Եկեք օբյեկտիվ լինենք`«Հայաստանի հետ սահմանի մոտ»՝ դա նաև նշանակում է, որ S-400-ը կտեղադրվի նաև Վրաստանի, Նախիջևանի և Իրանի հետ սահմանների մոտ։ Թվում է, թե ո՛չ Վրաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ Նախիջևանի ադրբեջանցիները և ո՛չ էլ Իրանը չեն պատրաստվում հարձակվել Թուրքիայի վրա: Եվ այդ երկրները չունեն նման ավիացիոն «բռունցք», որի հարձակմանը դիմակայելու համար անհրաժեշտ են S-400-ը:

Գյումրու 102-րդ ռուսական ռազմակայանում նույնպես չկա նման ավիացիոն «բռունցք»: Գյումրիում ռազմական ավիացիայի հիմնական ուժերը կործանիչ-հայտնաբերողներ են, այսինքն՝ Գյումրիում պատրաստվել և պատրաստում են հնարավոր ռազմական ներուժ՝ թշնամուց  պաշտպանվելու և ոչ թե հարձակման համար: Ե՞րբ է տարածաշրջանի հասարակությունը իմանալու, թե հատկապես ինչի՞ է ձգտում Թուրքիան: Պարզ չէ։

Բայց գրեթե կասկած չի հարուցում, որ ԱՄՆ-ը և Թուրքիան կրկին կատակերգություն են բեմադրում տարածաշրջանում․․․

Սերգեյ Շաքարյանց