Բանկոմատը պայթեցնելով՝ հափշտակվել է շուրջ 18մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից շուրջ 18մլն դրամ գողանալու դեպքի առթիվ: ՀՀ ՔԿ լրատվական ծառայության տեղեկացմամբ, նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 04:00-05:00, տեխնիկական միջոցների գործադրմամբ, այն է՝ պայթեցնելու եղանակով, բացել են «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող, Երևան քաղաքում գտնվող բանկոմատներից մեկի դուռը և այնտեղից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով կանխիկ գումար:

Պատճառված վնասը, նախնական տվյալներով, կազմում է 17 974 000 դրամ:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ: Դեպքի վայրի զննությամբ վերցվել են բանկոմատի վնասված հատվածները, բանկոմատում առկա գումարը, ինչպես նաև`բանկոմատի տեսաձայնագրող սարքը: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։