ԱՄՆ-ը որոշում է, թե ով է ավելի վտանգավոր՝ Ռուսաստա՞նը, թե Չինաստանը

ԱՄՆ-ում քննարկում տեղի ունեցավ, թե ո՞ր երկիրն է այս փուլում առավել վտանգավոր Ամերիկայի համար`Չինաստա՞նը, թե Ռուսաստանը: Նման քննարկումն աշխարհին թույլ է տալիս հասկանալու, որ ԱՄՆ-ում լրջորեն պատրաստվում են ոչ միայն ինչ-որ «նոր պատժամիջոցների» կամ «պրոքսի-պատերազմի»  տարբերակների, այլև իրական պատերազմի: Պարզապես ուզում են որոշել, թե ո՞վ է Վաշինգտոնի հիմնական ռազմական հակառակորդը:

Այսպիսով, հուլիսի 18-ին Սենատում լսումների ժամանակ ելույթ ունենալիս Պենտագոնի ղեկավարի պաշտոնի նոր թեկնածու Մարկ Էսպերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստ են «արդյունավետ կերպով հետ մղել Ռուսաստանի ագրեսիան»։ NSN կենտրոնի տեղեկացմամբ, Էսպերը մանրամասնորեն թվարկել է ԱՄՆ-ի հիմնական սպառնալիքները։ Այս ցանկի մեջ ընդգրկվեցին Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և ԿԺԴՀ-ը: Ընդ որում, ռազմական գերատեսչության ղեկավարի գլխավոր հավակնորդն գլխավորը համարում է «ռուսական սպառնալիքը»: Էսպերի խոսքերով, Վաշինգտոնն արդեն Մոսկվայի հետ պատերազմ է վարում կիբեր-տարածքում, իսկ ռուսական կողմը «մարտական գործողությունների» ընթացքում, իբր, ակտիվ փորձում է արդյունաբերական լրտեսություն իրականացնել՝ առևանգելով ամերիկյան տեխնոլոգիաները։ Պենտագոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը Ռուսաստանին նաև անվանել է ԱՄՆ-ի «ռազմավարական հակառակորդ». նա համոզված է, որ հակամարտությունն արդեն ընթանում է Արկտիկայի գոտում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում: Այս առճակատման շրջանակներում Էսպերը խոստացել է՝ անհրաժեշտության դեպքում երկարատև ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ը և նրա գործընկերներն արդեն ունեն բավարար միջոցներ`«ռուսական ագրեսիային» դիմակայելու համար:

Ունե՞ն ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն միջոցներ Ռուսաստանին «սանձելու» համար, թե ոչ, ես զինվորական չեմ, հեռակա վեճի մեջ չեմ մտնելու: Բայց  ներկայացնեմ իմ դիտարկումները. 1) ըստ երևույթին, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջոցների հանդեպ ուժեղ վստահությունից է, որ Արևմուտքը վերջերս «պահանջում է» Ռուսաստանից միակողմանիորեն զինաթափվել և «հանձնել» բոլոր ռուսական միջուկային սպառազինությունները, 2) հիմարություն է Ուկրաինային «մղել» Ռուսաստանի դեմ, քանի որ ռուսական բանակը և նավատորմը, հրամանի առկայության դեպքում, 48 ժամում կզավթեն ողջ Ուկրաինան, ընդ որում, շրջանների մեծամասնությունում ռուսներին դիմավորելու են որպես ազատարարների:

ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության տնօրեն գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Էշլին Ասպենում՝ Կոլորադո նահանգում, ամենամյա անվտանգության ֆորումում համաձայնեց Էսպերի հետ, սակայն շատ ավելի զգույշ էր իր գնահատականներում: Նրա կարծիքով, Ռուսաստանը կարճաժամկետ հեռանկարում ավելի վտանգավոր է ԱՄՆ-ի համար, քան Չինաստանը: Ընդ որում զինվորականը նշեց, որ Մոսկվայի պահվածքը կլինի  անկանխատեսելի, եթե նրան «դեմ տան պատին»: Այդ կապակցությամբ նա հիշեցրել է Ռուսաստանի հզոր միջուկային զինանոցի մասին, հաղորդում է ռուսական FAN գործակալությունը:

Իր հերթին, «The National Interest» ամերիկյան վերլուծական հանդեսի հոդվածագիր Դեվիդ Էքսը կոչ է արել ԱՄՆ-ին կանխել Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը միջուկային սառցահատների արտադրության ոլորտում։ Փորձագետը նշել է, որ ՉԺՀ-ին օգտակար կլինեին նավերը, սակայն Պեկինը նաև հնարավորություն կունենար կատարելագործել ռեակտորային տեխնոլոգիաները, ինչը հետագայում անհրաժեշտ կլիներ միջուկային ավիակիրների համար: Ներկայումս Չինաստանն ունի երկու ավիակիր ոչ միջուկային ուժային համակարգով և կառուցում է երրորդը։ Իրոք, Չինաստանը հետաքրքրված է ռուսական ռազմամիջուկային տեխնոլոգիաներով: Այս առումով տեղեկացնեմ, Չինաստանի ռազմական փորձագետները համաձայն են, որ ՉԺՀ-ն ուժեղ չէ միջուկային փոքրամասշտաբ ռեակտորների արտադրության հարցում, և կարող է դա սովորել Ռուսաստանից:

Հունիսին չինական «Sohu» աղբյուրը հրապարակել է մի նյութ, որում նշվում էր, որ ամբողջ աշխարհը կասկածում է ԱՄՆ-ի ռազմական գերազանցությանը` գերձայնային սպառազինության ոլորտում Ռուսաստանի առաջընթացի շնորհիվ: «Թեև Վաշինգտոնը Ռուսաստանից շատ ավելի շուտ է սկսել մշակել գերձայնային հրթիռներ՝ դեռևս 20-րդ դարի վերջում, ամերիկացիներն առանձնապես հաջողությունների չեն հասել»,- նշվում է հոդվածում: Այժմ Ռուսաստանն ԱՄՆ-ից առաջ է անցել և պատրաստ է գերձայնային սպառազինությունը մատակարարել Զինված ուժերին, հայտարարում են չինացի լրագրողները։ Չինական այդ հոդվածում (հունիսի 16) արվել էր միանշանակ եզրակացություն. Ռուսաստանն արդեն ունի ռազմական գերազանցություն ԱՄՆ-ի նկատմամբ, և ռուսները չեն պատրաստվում կանգ առնել՝ բավարարվելով ձեռք բերածով։ Կցանկանայի հիշեցնել նաև հունիսի 12-ին գերմանական «Stern» ամսագրի եզրակացության մասին. «…այսօր Ռուսաստանն առաջնորդում է սպառազինությունների մրցավազքը, իսկ ռուսական նոր ПРС-1М հակահրթիռն աշխարհի վերջի զենք է»:

Ահա թե ինչումն է Մարկ Էսպերի «լավատեսության» բանալին: Չէ՞ որ նրան սպասվում է, որպես Պենտագոնի հնարավոր ղեկավար, հաստատված կամ մերժվաժ լինել ԱՄՆ կառավարության կողմից։ Իսկ իրեն նախորդող Պատրիկ Շենահանն այլ կարծիքի էր․ նա ԱՄՆ-ի հիմնական հակառակորդ էր համարում «Չինաստանը, Չինաստանը և կրկին Չինաստանը»: Բայց Ամերիկայի գլխավոր սպառնալիքի հարցում Էսպերը սխալվում է։ Նա համոզված է, որ այսօրվա համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի միջև ժամանակավոր է: Սակայն, ինչպես երևում է չինացի զինվորականների կարծիքից, այդ թվում նաև «Sohu»-ի հոդվածից, Պեկինը շահագրգռված է ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ երկարաժամկետ համագործակցության զարգացմամբ և խորացմամբ: Ընդ որում կարևոր չէ, որ խոսքը նման համագործակցության՝ 25, 50 տարիների կամ մի ամբողջ դարի մասին է։

Սերգեյ Շաքարյանց