ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահը ստում է

168.am-ը տեղեկացրել էր, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից հայտնել էին, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորները հուլիսի 26-ին, Եգիպտոսի ժամով 15:00-ին, Հուրգադա-Երևան թիվ UJ 5600 չվերթով կվերադառնան Հայաստան:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ ինչքան հնարավոր է՝ իրենց կողմից աջակցություն եղել է, բայց հիմնական գործը դեսպանն է անում:

168.am-ը հարցրել էր, թե ճի՞շտ է այն տեղեկությունը, որ արտասահմանյան ավիաընկերություն է իրականացնելու քաղաքացիների տեղափոխումը:

«Այո, դա ճիշտ է: Այլ տարբերակ չկար: Մենք նաև հայկական ավիաընկերությունների հետ ենք հանդիպել, իրենք էլ կարող էին դիմել և աջակցել, բայց տեխնիկական խնդիրներ են առաջացել, քանի որ մեր հայկական ավիաընկերությունները չեն թռչում Եգիպտոս ու ամբողջ սիստեմա չունեն, թե ինչպես տոմսեր տպեն, սպասարկեն»,-պատասխանեց Տաթևիկ Ռևազյանը:

Մենք կապ հաստատեցինք հայկական երկու՝ «Տարոն-Ավիա» և «Արմենիա» ավիաընկերությունների հետ՝ հասկանալու համար, թե ո՞ր խնդիրներն են խոչընդոտ դարձել, որ հնարավոր չի եղել մեր քաղաքացիների փոխադրումը Եգիպտոսից Հայաստան իրականացնել տեղական ավիաընկերություններով։

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց ավիաընկերությունն ունի բավականին լավ աշխատող թե տեխնիկական և թե օդանավի, թե տոմսերի տպման ու վաճառքի համակարգ, որն արդեն երեք տարի է՝ աշխատում է։

«Եգիպտոսում ունենք հեդվինգային ընկերություններ, որոնց հետ ունենք պայմանագրեր, որոնք ցանկացած պահի կարող են ցանկացած չվերթ սպասարկել»,-ասաց Գևորգ Խաչատրյանը։

Վերջինս, ի պատասխան մեր հարցի, նշեց, որ իրենց ոչ ոք չի դիմել, սակայն ավիաընկերությունն իր տեխնիկական ու համակարգային հնարավորություններով լիարժեք կարող է ապահովել թռիչքը։

Ինչ վերաբերում է իրենց կողմից կոմիտեին դիմելու հարցին, «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրենն ասել է, որ դա հնարավոր չէ ինքնակազմակերպել։

«Պետք է հասկանալ իրավիճակը։ Սա ավելի շատ բիզնես ոլորտ է, և միգուցե տուրիստական կազմակերպությունն ինքն էր որոշում կազմակերպել թռիչքը։ Այս պարագայում մենք ոչինչ չէինք կարող անել։ Տվյալ տուրիստական կազմակերպությունը միշտ թռիչքներ իրականացրել է, ուղղակի պարտավորություններ է ունեցել երկրորդ կողմի նկատմամբ ու չի իրականացրել չվերթը։ Երկու բիզնես գործընկերների հարցեր են սրանք։ Վերջում կառավարության միջամտությունն է եղել, և ցանկացած առաջարկի դեպքում, երբ նման ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվում, «Արմենիա» ավիաընկերությունը իր թռիչքային և տեխնիկական անձնակազմով պատրաստ է աջակցել»,-եզրափակեց Գևորգ Խաչատրյանը։

«Տարոն-Ավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը մեկնաբանելով Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահի հայտարարությունը, ասել է. «Բայց չէ՞ որ այդ չվերթները հատուկ չվերթներ են, որոնք կատարվում են տարհանելու նպատակով, ոչ թե նոր չվերթ է դրվում, որ տոմսերի վաճառքի խնդիր լինի: Մեր օդանավը գտնվում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանում: Մեր ղեկավարությունը պատրաստ էր այդ չվերթն իրականացնել: Մենք երեկ մինչև ուշ երեկո սպասել ենք, մինչև կոմիտեում քննարկում արվի»,-ասաց Լևոն Քարամյանը` շեշտելով, որ իրենց դիմել էին, սակայն այսօր ժամը 16.00-ին տեղեկացրել են, որ այլևս պետք չէ, առանց որևէ պատճառաբանության:

Երեկոյան հաղորդագրություն տարածվեց, որ ՀՀ կառավարությունը քննարկելու է Արտաքին գործերի նախարարությանը պահուստային ֆոնդից Եգիպտոսում մնացած Հայաստանի 119 քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար 47 մլն 198 հազար դրամ հատկացնելու հարցը:

Համապատասխան որոշման նախագիծը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, որի վերաբերյալ կազմակերպվել է գրավոր քվեարկություն:

Վերջնական որոշումը կընդունվի քվեարկության ավարտից հետո և այն, որպես կառավարության որոշում, կտեղադրվի e-gov.am կայքում:

Ըստ նախագծի, դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ցանկությամբ։

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը պայմանավորվածություն է ձեռք բերել հունական SpotAir ընկերության հետ` Հուրգադա-Երևան երկու չվերթ` հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին կազմակերպելու վերաբերյալ։

Զրուցակիցները, սակայն, չեն նշել, թե ի՞նչ գնային առաջարկ կարող էին իրենք ներկայացնել մեր քաղաքացիներին Եգիպտոսից փոխադրելու համար, սակայն 168.am-ի հավաստի տեղեկություններով` տեղական ավիափոխադրողները մեկ չվերթի համար մոտ 3 անգամ ավելի էժան գնային առաջարկ կներկայացնեին:

Հուսանք`քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը կբացատրի, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ հայկական ավիափոխադրողները չեն իրականացրել Հուրգադայից մեր քաղաքացիների փոխադրումը Երևան, և ինչո՞ւ է պետբյուջեից երեք անգամ ավելի շատ գումար ծախսվել տեղափոխումը իրականացնելու համար: