«Փափուկ ուժը մեր անվտանգության բաղադրիչն է»․ ԱԽՔ քարտուղար

«ՀՀ ԱԽ  քարտուղարին հանձնարարվել է ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը մեկ տարվա ընթացքում ներկայացնել  ՀՀ ԱԽ քննարկմանը»,- այս մասին այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ներկայացնելով մանրամասներ ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման  մասին։

Արմեն Գրիգորյանը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբ, իսկ ՀՀ ԱԽ  քարտուղարին հանձնարարվել է ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը մեկ տարվա ընթացքում ներկայացնել  ՀՀ ԱԽ քննարկմանը, այնուհետև՝ ՀՀ կառավարության հաստատմանը։ Նա նշել է, որ  պատրաստ են  ամենայն պատասխանատվությամբ և բարձր մակարդակով ստանձնել այդ գործընթացի առաջնորդությունը՝ ձևավորելով  մասնագիտական, փորձագիտական, քաղաքական, ակադեմիական բազմագործառութային քննարկումների անկաշկանդ մթնոլորտ և համագործակցության բաց հարթակ փաստաթղթի նախագծի մշակման ողջ գործընթացում։ Պաշտոնյան ասաց, որ մեր  ժամանակներում շատ է խոսվում ռազմավարությունների կարևորության մասին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ազգային անվտանգությանը։ Ըստ նրա, կարևորելով նման փաստաթղթի  մշակման անհրաժեշտությունը,  հսկայածավալ աշխատանք են իրականացրել այդ գործընթացը սկսելու համար։

«Հաճախ հարց է ծագում, թե ինչ է ազգային անվտանգության  ռազմավարությունը։ Դրա պարզ պատասխանն է, որ դա փաստաթուղթ է, որում նշված են ազգային անվտանգության գլխավոր մարտահրավերներն ու սպառնալիքները, և թե պետությունն ինչպես է պատրաստվում դիմակայել այդ մարտահրավերներին, չեզոքացնել սպառնալիքները։ Ազգային անվտանգության նոր  ռազմավարությունը դառնալու է հիմնարար փաստաթուղթ պետության անվտանգության  քաղաքականության մշակման և իրականացման համար»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը պարզաբանել է, թե ինչու է որոշում կայացվել կազմել նոր  ռազմավարություն։ Ըստ նրա՝ պատճառները բազմաթիվ են։ Նա նշեց, որ գործող ռազմավարությունն ընդունվել է 12 տարի առաջ, որից հետո ՀՀ-ում, տարածաշրջանում և աշխարհում հիմնարար փոփոխություններ են տեղի ունեցել. 2007 թվականից Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում նոր միտումներ են արձանագրվել, տեղի է ունեցել ռուս-վրաց պատերազմը՝ սրելով այդ երկրների հարաբերությունները, Իրան-ԱՄՆ լարված հարաբերություններն Իրանի առջև նոր խնդիրներ են առաջ բերել, մերձավորարևելյան հիմնահարցերը։ «Մեզ համար լրջագույն խնդիր է՝ բացառել դեռևս հարկ եղած գնահատականների չարժանացած 2016 թվականի ապրիլյան  իրադարձությունների կրկնությունը»,- ասաց Արմեն Գրիգորյանը։ Նա որպես պատճառ՝ նշեց նաև  2018 թվականի ներքաղաքական իրադարձությունները։ Նրա որակմամբ, 2018 թվականին ՀՀ-ում հիմնարար փոփոխություններ են արձանագրվել թավշյա ոչ բռնի հեղափոխությամբ։ ԱԽ քարտուղարի խոսքով, պատճառների թվում է նաև ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ Ըստ Արմեն Գրիգորյանի՝ ՀՀ գլխավոր մարտահրավերն է  մնում Արցախյան հիմնահարցը։ Նա նաև նշել է, որ  շարունակում է փակ մնալ նաև հայ-թուրքական սահմանը։ «Փափուկ ուժը մեր անվտանգության բաղադրիչն է»,- ասել է Ա․ Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարն նշել է, որ ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը պետք է արտացոլի մեր երկրի անվտանգության միջավայրը, կանխատեսի այդ միջավայրի քաղաքական զարգացումները, ձևավորի ՀՀ նպատակներն ու դրանց հասնելու ուղղությունները։ «Պետք է ձևավորվի այնպիսի փաստաթուղթ, որը կլինի ճկուն, կարձանագրի ու կարձագանքի մեր երկրի, տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին և զարգացումներին։ Ազգային անվտանգության ռազմավարությունը  մեր պետականաշինության ճանապարհային քարտեզն է»,- ասել է բանախոսը՝ արձանագրելով, որ լավագույն ռազմավարությունները կարողանում են չեզոքացնել հակառակորդի ռազմավարությունը։

Հարցին, թե ինչ հարցեր են քննարկվել  վերջերս նրա Արցախ կատարած այցի ընթացքում, Արմեն Գրիգորյանը նշել է, որ հիմնական հարցերից մեկը ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումն է։ Նա նշել է, որ  խնդիր են դնում, որ ենթակառուցվածքներ զարգացնելով՝ ապահովեն ավելի բարձր մակարդակի անվտանգություն։ «Հաջորդ կարևոր հարցն այն է, որ  խոսել ենք նոր ռազմավարության մասին։ Անվտանգային միջավայրը ՀՀ-ի  և ԼՂՀ-ի միասնական է, հաշվի առնելով այդ միասնական միջավայրը, պետք է  ձևավորվի այնպիսի փաստաթուղթ, որ երկու սուբյեկտի համար էլ անվտանգությունը գտնվի բարձր մակարդակի վրա»,- ասել է Արմեն Գրիգորյանը՝ հավելելով,  որ ենթակառուցվածքներ ասելով՝ նկատի ունի նոր ճանապարհներ, բիզնեսի զարգացում։