Ֆիզիկական թերակտիվությունը նպաստում է սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, չարորակ նորագոյացությունների զարգացմանը

Ֆիզիկական ակտիվությունը՝ մարմնի կմախքային մկանների յուրաքանչյուր շարժումն է, որի ժամանակ ծախսվում է ավելի շատ էներգիա, քան հանգիստ վիճակում: ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ, ֆիզիկական թերակտիվությունը ճարպակալման զարգացման հիմնական ռիսկի գործոնն է, որն իր հերթին նպաստում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (սրտանոթային հիվանդություններ, 2-րդ տիպի շաքարային դիաբետ և չարորակ նորագոյացություններ) զարգացմանը:

Ըստ վիճակագրության՝ Հայաստանի 45-69 տարեկան բնակչության շրջանում ֆիզիկական թերակտիվության տարածվածությունը կազմում է 28,6%, հատկապես` տղամարդկանց շրջանում, ընդ որում, այդ տոկոսն աճում է տարիքի ավելացման հետ: Հարկ է նշել, որ այս ռիսկի գործոնը մոդիֆիկացվող է, այսինքն`կարելի է փոփոխել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ շաբաթական 150 րոպե (օրական 30 րոպե) տևողությամբ չափավոր ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է վաղաժամ մահացության, սրտի իշեմիկ հիվանդության, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, ինսուլտի, արյան գերճնշման և դեպրեսիայի զարգացման ռիսկը, իսկ շաբաթական 150-300 րոպե (օրական 30-60 րոպե) տևողությամբ՝ նվազեցնում է հաստ աղու, կրծքագեղձի քաղցկեղի և ավելորդ քաշի զարգացման ռիսկը:

Բոլորովին պարտադիր չէ, որ ֆիզիկական ակտիվությունը դրսևորվի սպորտի կամ պրոֆեսիոնալ պարապմունքների միջոցով: Հաշվի է առնվում ցանկացած տեսակի ակտիվություն, այդ թվում`պարելը, երեխաներին դպրոց ճանապարհելը, խանութ գնալը և անգամ տնային աշխատանքների իրականացումը։

 

Ֆիզիկական ակտիվության ծանրաբեռնվածության տեսակներ՝ 150 կկալ այրման համար

Ժամանակ/րոպե Ֆիզիկական ծանրաբեռնվածության տեսակ
60 Պատուհանների, հատակի լվացում
45 Վոլեյբոլ խաղալ
30 Հեծանիվի վարում 8 կմ
30 Արագ պար
30 Քայլ՝  3կմ
20 Լող
20 Բասկետբոլ խաղալ
15 Վազք՝ 1.5-2 կմ
15 Աստիճաններով բարձրանալ