Տրանսգենդերները, նույնասեռականները «հեղափոխությանը» չեն աջակցել այն բանի համար, որ հեղափոխական իշխանությունը մերժի Ստամբուլյան կոնվենցիան (տեսանյութ)

Անցած մի քանի օրերին տեղի ունեցած իրադարձություններն առավել ակնառու կերպով ցույց տվեցին, թե ինչ է սպասվում Հայաստանին Ստամբուլյան խայտառակ կոնվենցիայի վավերացումից հետո:

LIVEnews.am կայքն օրերս բացահայտեց Հայաստանում բնակություն հաստատած, Կուբայից առանց մուտքի արտոնագրի, միայն կուբայական անձնագրերով Ռուսաստան, այնտեղից էլ մեր երկրում հայտնված նույնասեռական (հոմոսեքսուալ) զույգին, որոնցից մեկը սեռափոխ եղած, կին «դարձած» տղամարդ է, այսինքն` տրանսվիստիտ: Կուբացի նույնասեռական ամուսիններն անցյալ տարվանից բնակվում  են մեր երկրում, աշխատում, ապրում, շատ լավ զգում իրենց։

Նրանց հետ հարցազրույցի ընթացքում վերջիններս չթաքցրեցին, որ ուզում ուզում են լինել հասարակության լիիրավ անդամ: Իմանալով մեր իրականության մեջ, ըստ էության, «Երրորդ սեռ» հասկացությունը մտցնող, միասեռականների, ընդհանրապես, ԼԳԲՏ անձանց (լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսվիստիտներ) համար լայն իրավունքներ նախատեսող Ստամբուլյան կոնվենցիայի մասին, նրանք ասացին, որ դրա վավերացման պարագայում մեծ հաճույքով կմնային Հայաստանում: Ընդհանրապես ողջ աշխարհում ԼԳԲՏ անձինք ձգտում են բնակություն հաստատել այն երկրներում, որոնք ընդունել են Ստամբուլյան կոնվենցիան, և LIVEnews.am-ի զրուցակիցները սա փայլուն կերպով հաստատեցին:

Հայտնի դարձավ նաև, որ նրանց նման արտերկրից վերջին շրջանում եկած, Հայաստանում բնակություն հաստատած բազմաթիվ այլ զույգեր էլ կան: Իբր Հայաստանի այլասերվածները քիչ են, հիմա էլ դրսից են գալիս: Նրանց առջև մեր երկրի դռները լայնորեն բաց են: Ո՞ւր է մեր ազգի ինքնապահպանման բնազդը… Պակիստանից,  Հնդկաստանից, Ֆիլիպիններից, Կուբայից, Գանայից, (վերջինի բնակչությունից 290 000-ը, դեռ 2016թ. տվյալներով, վարակված էր ՄԻԱՎ-ով, իսկ ՄԻԱՎ-ով նոր վարակակիրների հայտնաբերման դեպքերը 2017թ. կազմում էին 80 տոկոս) և այլ երկրներից անցյալ տարվանից շատ-շատերն են եկել ու գալիս Հայաստան` այստեղ ապրելու, աշխատելու: Նրանց թվում քիչ չեն նաև այլասերվածները, ինչպես նաև ՄԻԱՎ-ով վարակակիրները:

Որքան շատ մարդիկ գան վերոնշյալ երկրներից այստեղ աշխատելու, ապրելու, այնքան Փաշինյանի կառավարությանը, իշխանությանը ձեռնտու է և՛ էժան աշխատուժ ձեռք բերելու առումով, և՛ նրանց միջոցով ներգաղթի և բնակչության աճի ցուցանիշներ ներկայացնելու առումով, որովհետև ի հեճուկս Փաշինյանի հավաստիացումների, արտերկրի հայերից շատ-շատերը նրա խոսքերին չհավատացին ու չեկան Հայաստան` այստեղ բնակություն հաստատելու նպատակով:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքանային հիմնարկի աղբահանության բաժնի պետ Աշոտ Ասատրյանը լուսանկար է հրապարակել Գանայից եկած աշխատողների հետ և «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել հետևյալ գրառումը.

«Համալրվում ենք Գանայից եկած աշխատողներով, որ իրականացնենք Երևան քաղաքի աղբահանությունը»:

Հիշյալ սոցիալական ցանցի շատ օգտատերեր արդեն բուռն կերպով արձագանքել են վերոնշյալ գրառմանը, նրանցից մեկը նույնիսկ գրել է, որ սա դիտավորյալ են անում երկիրը քանդելու համար, շատ լավ գիտեն ինչ են անում: Թեմայից, սակայն, շատ չշեղվենք: Ըստ hayeli.am-ի տեղեկությունների, «ԼԳԲՏ համայնքը որոշել է կոմայգու տարածքի փոխարեն, ամենօրյա հավաքների վայր դարձնել Հյուսիսային պողոտան:

Բանն այն է, որ Երևանի 2800-ամյակին նվիրված այգու բացումից հետո բողոքներ են ուղղվել պատկան մարմիններին, որ հարևանությամբ` կոմայգու տարածքում, ԼԳՏԲ համայնքի ներկայացուցինչների հավաքները դուր չեն գալիս նորաբաց այգու այցելուներին: ԼԳՏԲ համայնքն էլ որոշել է չընկրկել և ավելի մոտենալ մայրաքաղաքի էլիտար կենտոնին` հավաքների կազմակերպումը տեղափոխելով Հյուսիսային պողոտա»:

«Ոնց գցում-բռնում ես, ապրիլյան «թավշյա, ոչ բռնի» հեղափոխական բոլոլաների հիմնական շահառուն եղել եւ մնում է «նախկինների» օրոք «ճնշված, հարստահարված, արհամարհված, բռնաբարված, ստորացված, խոշտանգված, գնդակահարված» (կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բավական է) ԼԳԲՏ համայնքը,- «Ֆեյսբուք»-ի իր էջում «Ովքե՞ր են «հեղափոխության» շահառուները» վերտառության ներքո գրել է լրագրող Լիլիթ Պողոսյանը (Lilit Pogosyan):- Մեկուկես տարի, երկու տարի առաջ ո՞ւմ մտքով կանցներ, թե սեփական հիվանդությունը յոթ կողպեքի տակ պահելու, թաքցնելու փոխարեն դրոշի դարձրած, բոլորի աչքը խոթող այս արարածները «բարձր մակարդակի» ընդունելության կարժանանան ու բավարարված կհեռանան Կրթության նախարարի առանձնասենյակից։

Որ ընդհուպ ԱԺ ամբիոնից օրը ցերեկով ինքնագովազդ կանեն, կներխուժեն ոստիկանություն ու ոստիկանի նկատմամբ բռնություն կգործադրեն, Հյուսիսային պողոտայում «էլեկտրաշոկի» եւ հոգեբանական ահաբեկչության կենթարկեն անցորդներին ու կմնան անպատիժ։

Իրավապահներն էլ կարդարացնեն իրենց անգործությունը` ասելով, որ կան պետության հատուկ հոգածությունից օգտվող «արտոնյալ» խմբեր, որոնց դեմ իրենք անզոր են։

Ո՞վ կմտածեր, թե «երրորդ սեռի» պանծալի ներկայացուցիչներն այնքան կհաբռգեն, որ հրապարակավ շանտաժի կենթարկեն պետության ոչ բարով ղեկավարին`կոչ անելով կարգի հրավիրել ԼԳԲՏ-ների «հուժկու աջակցության» շնորհիվ Ազգային ժողովում հայտնված իր պատգամավորին (պատգամավորուհուն), որ համարձակվում է «բոչկա գլորել» իրենց վրա։ Զարմանալով ու զայրանալով`հեղափոխությունը նրա համա՞ր ենք արել, որ «անպատասխանատու»‰ էլեմենտները ստամբուլյան կոնվենցիան վավերացնել-չվավերացնելու հարց բարձրացնեն։

Այսօր այս ամենը ոչ միայն հնարավոր է, այլեւ դարձել է մեր իրականության անբաժանելի մասը։

Ու սրանով ամեն ինչ ասված է… »:

«Ֆեյսբուք»-ի օգտատերերից մեկ ուրիշը` «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ Անի Կարապետյանը, իր էջում այսօր «ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԻՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ԾԱՅՐԻՑ-ԾԱՅՐ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ» վերտառության ներքո գրել է.

«Իշխանափոխությունից հետո Հայաստանում սկսեց այլասերության ակտիվ քարոզ, որը ժամանակի ընթացքում մի տեսակ կերպարանափոխվեց և սկսեց հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանության քողի տակ: Այսպես կոչված «հեղափոխությանն» աջակցած դրսի ուժերը չբավարարվեցին տրանսգենդեր անձին ՀՀ Ազգային ժողովի ամբիոն բարձրացնելով, այլ իրենց գործակալների միջոցով համացանցում սկսեցին ինչ-որ կեղտոտ պատմություններ ներկայացնել ինչ-որ բռնաբանությունների մասին: Դա արվեց և այժմ էլ արվում է լոկ մի նպատակով՝ որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վավերացնի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա» անվանումով պայմանագիրը, որը ստորագրվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 2011 թվականին և կնքվել է Եվրոպայի Խորհրդի շրջանակներում:

Այդ կոնվենցիան ըստ էության բազմաթիվ թաքնված վտանգներ է պարունակում Հայաստանի և հայ ժողովրդի համար: Թեև նրա հիմնական նպատակ է հայտարարված կանանց հանդեպ բռնության դեմ պայքարը, սակայն իր ձևակերպումներից հասկանալի է դառնում, որ այն ջնջում է սեռերի միջև եղած տարբերությունները, ջնջում է ընտանիքի անդամների դերն ու նշանակությունը, խառնում ու խառնաշփոթ է ստեղծում ներանձնային ու ընտանեկան հարաբերություններում:

Կոնվենցիայում օգտագործվում է «զուգընկերներ» հասկացությունը, որը նույնացվում է ընտանիքի անդամների հետ: Օրինակ՝ հոդված 3-ում նշված է՝ «ընտանեկան բռնություն»՝  նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև` անկախ նրանից, թե արդյո՞ք կատարողը բնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում։ Այսինքն՝ զուգընկերները նույնացվում են ընտանիքի անդամների հետ, և «ընտանեկան բռնություն» համարվում է նաև զուգընկերների միջև բռնությունը, ընդ որում՝ նրանք կարող են լինել և՛ նույն սեռի, և՛ տարբեր: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ կոնվենցիան դիտարկում է զուգընկերների նաև ազգականների մեջ:

Մեկ այլ մտահոգիչ հանգամանք: Հոդված 4-ում գրված է, որ մասնակից պետությունները պետք է «զոհերի իրավունքների պաշտպանություն ապահովեն առանց խտրականության, այդ թվում՝ անկախ սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից»: Իսկ միջազգային փաստաթղթերում հստակ սահմանված է, որ սեռական կողմնորոշման և գենդերային հիմքով խտրականության արգելքը ենթադրում է սեփական գենդերի ազատ ընտրություն անձի կողմից, համապատասխան քարոզի իրավունք տեղեկատվական հաղորդակցության բոլոր միջոցներով, գենդերային ինքնության հիման վրա ամուսնության իրավունք: Սա նշանակում է, որ շատ հանգիստ կարող է գործածության մեջ մտնել «երրորդ սեռ» հասկացությունն ու բացի այդ, միասեռականները կարող են օրենքի ուժով ամուսնանալ:

Իր ողջ բովանդակությամբ այս կոնվենցիան խայտառակություն է Հայաստանի նման սուրբ երկրի համար, և սա պետք է արժանանա միահամուռ մերժման՝ անկախ մեր բոլորի քաղաքական հայացքներից»:

Ինչպես գրել է zham.am կայքը, ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը կրկին խառնել է շեֆի (վարչապետ Նիկոլ Փաշինյանի) բոլոր ծրագրերը: Նա ս. թ. հուլիսի 22-ին հայտարարել է, որ ԱԺ-ն չպետք է վավերացնի այդ (Ստամբուլյան) կոնվենցիան:

«Սոֆյայի այս քայլը խիստ վրդովվեցրել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին.  այստեղ կարծում են, որ Հովսեփյանի այս քայլը կարող է վարակիչ դառնալ իշխող ուժի մյուս անդամների համար:

Դրա համար էլ այս համայնքի ծանր հրետանի՝ հայտնի տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանն, ի պատասխան Սոֆյայի հայտարարությանը սպառնող հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ «իրենք հեղափոխությանը աջակցել են ոչ այն բանի համար, որ հեղափոխական իշխանությունը մերժի Ստամբուլյան կոնվենցիան»:

Փաստացի տրանսգենդեր Լիլիթը պատասխանում էր ոչ այնքան Սոֆյային, որքան Փաշինյանին՝ նշելով, որ հակառակ դեպքում իրենք կվերանայեն իրենց դիրքորոշումը այս իշխանությանը աջակցելու հարցում:

Սա, ըստ այդ շրջանակների տեսանկյունի, կլինի «հետքայլ հեղափոխությունից»: Իրենց համար հեղափոխությունը հենց այդ կոնվենցիայի վավերացումն է, որովհետև «հակահեղափոխական են» բոլոր հոմոֆոբիայով տառապող քաղաքացիները, իսկ դրանք այսօր Հայաստանում մեծամասնություն են կազմում:

Ինչպես վավերացնել այդ կոնվենցիան, և միաժամանակ չվիրավորել «հպարտ, բայց հոմոֆոբ  հանրությանը», ովքեր դեռ հույսը չեն կորցրել Փաշինյանից: Ահա այս երկընտրանքի առաջ է կանգնելու Փաշինյանը այս աշնանը: Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի Փաշինյանը նրա աջակիցների բազան կնվազի: Քանզի նա հեղափոխության ժամանակ այնքան բան է խոստացել, որ դրա տակից  դժվար թե կարողանա դուրս գալ»:

Փաշինյանն իր որոշելիքը, թերևս, արդեն որոշել է, իսկ մինչ այդ մասին նա հստակ կասի հանրությանը, տրանսգենդերի մասնակցությամբ հերթական միջադեպն է տեղի ունեցել, այս անգամ` Երևանի Հյուսիսային պողոտայում:

Արթուր Հովհաննիսյան