Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Մորգենթաուի մահվան կապակցությամբ

«Սիրելի Մորգենթաու ընտանիք,

Խոր ցավով տեղեկացա հայ ժողովրդի մեծ բարեկամ, դեսպան Հենրի Մորգենթաուի արժանավոր թոռան`Ռոբերտ Մորգենթաուի մահվան մասին:

Որպես մեծ հայրենասեր, պատերազմի վետերան, իրավունքի ոլորտի առաջատար մասնագետ ու մարդու իրավունքների պաշտպան` պարոն Մորգենթաուն մշտապես վայելել է բոլորի սերն ու հարգանքը: Իր աշխատասիրությամբ, հարազատ քաղաքին՝ Նյու Յորքին, ծառայելու ու մարդկանց օգնելու աննկուն պատրաստակամությամբ, ամենաբարդ իրավական խնդիրներին լավագույն լուծումներ տալու իր կարողությամբ նա վառ օրինակ է հանդիսացել իրավաբանների մի քանի սերունդների համար:

Ճակատագրի բերումով Մորգենթաուների ընտանիքը մեկ դարից ավելի կապված է մեր ժողովրդի հետ: Մենք երախտապարտ ենք ձեր ընտանիքին Հայոց ցեղասպանության տարիներին մեր ժողովրդին աջակցելու, ցեղասպանությունը վերապրածներին փրկության ձեռք մեկնելու, այդ ոճրագործության մասին միջազգային իրազեկում ապահովելու ու ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի համար: Դեսպան Հենրի Մորգենթաուի անունը ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի պատմության էջերում, առանց ում այդ մութ շրջանի բազում դրվագներ թերևս անհայտ մնային մարդկությանը: Որպես իր պապի և հոր արժանի զավակ ու հետևորդ` պարոն Ռոբերտ Մորգենթաուն նրանց գործի շարունակողն էր ու հպարտ էր հայ ժողովրդի հետ իր ընտանիքի ունեցած սերտ կապերով:

Այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում ձեր ողջ ընտանիքին, հարազատներին ու ընկերներին: Պարոն Մորգենթաուի լուսավոր հիշատակը մշտապես վառ կմնա հայ ժողովրդի սրտում»,- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, նշված է հեռագրում: