Ստամբուլում կազմակերպվել է Վանի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու լուսանկարների ցուցահանդես

Ստամբուլում կազմակերպվել է Վանի Աղթամար կղզու և Սուրբ Խաչ հայկական եկեղեցու լուսանկարների ցուցահանդես: «Ermenihaber.am» կայքի տեղեկացմամբ, այն Թուրքիայի նախագահականի հովանավորությամբ իրականացվող մշակութային նախագծի մասն է կազմում, որի նպատակը երկիրը միջազգային ասպարեզում ներկայացնելն է:

Ցուցահանդեսի բացումը նշանավորվել է Թոփքափը պալատի թանգարանին կից գտնվող Սուրբ Իրինայի եկեղեցում կազմակերպված միջոցառմամբ: Արարողությանը ներկա են գտնվել Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչներ, Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Վանի նահանգապետ Մեհմեթ Էմին Բիլմեզը, ցուցահանդեսի լուսանկարների հեղինակ, լուսանկարիչ Իզզեթ Քերիբարը:

Միջոցառման ընթացքում նախ Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող վավերագրական ֆիլմ է ցուցադրվել, ապա ընթերցվել  է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը: Այնուհետև ելույթ է ունեցել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին 1100 տարվա պատմություն է թողել թիկունքում և շարունակում է իր ընթացքը դեպի հազարամյակներ: Այս միջոցառումը շատ ավելին է, քան սովորական լուսանկարների ցուցահանդես: Սա միջազգային ասպարեզում ճանաչում ապահովելուն ուղղված ավելի մեծ նախագծի մի մասն է: Աշխարհը պետք է ավելի մոտիկից ճանաչի մեր երկրի մշակութային և քաղաքակրթական հարստությունները: Պատմությունն այս տարածաշրջանում է սկսվել և մեր ժողովրդի արմատները թաղված են այս հողերում»,- իր խոսքում նշել է Մաշալյանը:

Միջոցառման շրջանակներում տպագրվել է Սուրբ Խաչ հայկական եկեղեցու պատմությունն ու  ճարտարապետությունը մանրամասն նկարագրող գիրք, որում նաև բազմաթիվ լուսանկարներ են տեղ գտել: Բացի դրանից, https://www.akdamarchurch.gov.tr/ հասցեով գործարկվել է կղզու և եկեղեցու մասին պատմող կայք: