Իրանը Հայաստանի տարածքում ԱՄՆ-ի դեմ հետախուզություն է վարում

Հուլիսի 22-ին Իրանի հետախուզության նախարարությունը հրապարակել է վավերագրական ֆիլմ, որտեղ ներկայացվում է իրենց աշխատանքը, պատմում են, թե ինչպես են արտասահմանում հետևում ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) լրտեսներին: «Razm.info»-ի տեղեկացմամբ, ֆիլմի որոշ կադրեր արվել են Հայաստանում:

Ըստ իրանական կողմի՝ վերջին մեկ տարում իրենք բացահայտել են ԿՀՎ-ի 17 գործակալի, որոնցից մի քանիսը ձերբակալվել են ու մահվան դատապարտվել: Ֆիլմն ուղեկցվում է կադրերով, որտեղ, ըստ իրանական կողմի, արտասահմանից գործող ԿՀՎ-ի գործակալներ են, իսկ իրանական հետախուզությունը հետևում է նրանց:

Կադրերում երևում է, որ այդ անձանցից մեկի գրեթե բոլոր լուսանկարները արված են Հայաստանում: Օրինակ՝ ներկայացված լուսանկարում երևում է, որ իրանական հետախուզության կողմից հսկվող անձը կանգնած է Կասկադում: Ուշագրավ է, որ հենց այս՝ Կասկադում արված լուսանկարի վրա ֆիլմում գրվում է, թե նկարահանումը Ադրբեջանում է:

Ֆիլմի հենց այս կադրի ցուցադրման ժամանակ հաղորդավարը ասում է․«Իրանի հետախուզության նախարարության հակահետախուզության բաժնի աշխատակիցներն սկսեցին վերահսկել երկրի սահմաններից դուրս գործող ԿՀՎ-ի լրտեսներին»: Հաղորդավարի խոսքից հետո միանում է հետախուզության նախարարի խոսքը, ով ասում է․ «Չսպասելով, որ նրանք մեր երկիր լրտեսներ ուղարկեն՝ մենք ինքներս գնացինք նրանց գտանք»:

Նույն անձից ֆիլմում ցուցադրվում են նաև այլ կադրեր, որոնք ևս արված են Հայաստանում՝ տարբեր ռեստորաններում: Օրինակ՝ հենց այս կադրում նկատվում է «Կիլիկիա» գարեջրագործական ընկերության սառնարանը: