ԱՄՆ-ը Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից

ԱՄՆ-ը Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսել է Թուրքիային մատակարարել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր։ Այս մասին տեղեկացրել է «Ermenihaber.am» լրատվական կայքը՝ հղում անելով թուրքական աղբյուրին։

Այդ որոշումը կազդի F-35 մարտական օդանավերի արտադրության վրա, քանի որ դրանց անհրաժեշտ  400 միավոր դետալ արտադրվում է Թուրքիայում։ Ծրագրից Թուրքիային հեռացնելու ընդհանուր ծախսերը հաշվարկվում են մոտ 600 մլն դոլար։

Ըստ թուրքական աղբյուրի՝ այդ ծախսերն իրականում ավելի շատ են։ Ենթադրվում է, որ Թուրքիային ծրագրից հեռացնելու համար ԱՄՆ-ը 1 մլրդ դոլարի ծախս կանի։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Թուրքիային վաճառել էր 75 հատ F-35 կործանիչ, սակայն դրանց մատակարարումը 2 տարի է հետաձգվում է։