Մինչ քաղաքապետարանը մտմտում է ուղեվարձը թանկացնելու մասին, մի խումբ քաղաքացիներ պատրաստվում են դատի տալ քաղաքային իշխանություններին

Օրերս ֆեյսբուքյան «Իմ քայլը» էջի բաժանորդների շրջանում հարցում է սկսվել հասարակական տրանսպորտի սակագնի վերաբերյալ՝ ընդ որում հարցման մեջ նշված չէ ներկայիս 100 դրամ սակագինը։ Հարցման նախաբանի համաձայն՝  Երևանում մաշված երթուղայիններին կփոխարինեն հարմարավետ ավտոբուսները, թեև նշված չէ, թե երբ: Եվ հարցման կազմակերպիչները հետաքրքրվում են պատրա՞ստ են արդյոք երևանցիները տրանսպորտի համար վճարել 100 դրամից ավելի։ Ընտրության տարբերակները երկուսն են՝ 150 դրամ և 200 դրամ ու ավելի։ Իսկ դա մտածելու տեղիք է տալիս, որ Երևանի տրանսպորտային նոր ցանցի ծրագրի ներդրումը միտումնավոր է ձգձգվում՝ երևանցիներին համոզելու համար, որ ներկա գնով բարելավված տրանսպորտը այդպես էլ երազանք կմնա։

Եվ սա այն դեպքում, երբ նախորդ քաղաքային իշխանությունների ժամանակ ընդդիմադիր ուժերի կողմից տրանսպորտային ցանցի բարեփոխման համար պարտադրված կարևոր նախապայմաններից էր սակագնի պահպանումը, ինչն էլ քաղաքապետարանի ղեկավարությունը փորձում էր իրականացնել։ Համենայնդեպս խոստումները հուսադրող էին։ Հիշեցնենք նաև, որ դեռ 2013 թվականին, երբ Երևանում տրանսպորտի սակագնի թանկացման դեմ մեծածավալ ակցիա սկսվեց, ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանն աշխույժ պայքարողների շարքերում էր և հորդորում էր քաղաքացիներին ամեն գնով պաշտպանել սեփական իրավունքները և թույլ չտալ, որ իրենց թալանեն ուղևորափոխադրումների սպասարկման համար ավելի բարձր սակագին սահմանելով։ Բայց իշխանության գալով նա մեկ անգամ չէ, որ ակնարկել է և անգամ բացահայտ խոսել է սակագնի բարձրացման անհրաժեշտության մասին։ Այնինչ նախընտրական քարոզարշավի ժամանակ Հայկ Մարությանն այդ մասին համեստորեն լռում էր՝ նորից նշելով, որ նախկին քաղաքային իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության հետևանքով հասարակական տրանսպորտի ոլորտը կաթվածահար վիճակում է իրենց ժառանգվել։ Չմոռանանք, որ նախընտրական առաջնահերթ խոստումներից մեկն էլ վերաբերում էր ոլորտի բարեփոխմանը՝ առանց սակագնի բարձրացման մասին հստակ շեշտադրումների։

Ինչպես LIVEnews.am-ի հետ զրույցում նշեց փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, ներկայիս քաղաքային իշխանություններում Հայկ Մարությանի ներկայությունը նրա համար ճակատագրի հեգնանք է, քանի որ երբեմնի ակտիվիստն ու հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ ակցիաներ իրականացնողն այսօր կանգնել է նույն խնդրի առաջ և ազնվորեն խոստովանում է, որ իրոք 100 դրամ ուղեվարձով հնարավոր չէ բարձրակարգ սպասարկում իրականացնել։ Այնինչ այն ժամանակ տրանսպորտի ոլորտը շատ ավելի լավ վիճակում էր, քան այսօր․ «Հուրախություն մեզ և ձեզ, վերջապես քաղաքապետարանի այսօրվա ղեկավարությունն ընկալում է երևույթի լրջությունը։ Ճակատագրի հեգնանք է այն, որ նախկինում իրենք պայքարում էին ուղեվարձի փոփոխվելու դեմ, հիմա իրենք եկել են և ուղեվարձի փոփոխություն են ուզում անել։ Մենք դեռ 2008 թվականից գիտեինք, որ ուղեվարձն անշահութաբեր է, հաշվարկներ ունեինք, բայց ակտիվիստները աղմուկ բարձրացրին։ Կյանքն այդպիսի կատակներ անում է մարդկանց հետ, Հայկ Մարությանը ժամանակին պայքարում էր ուղեվարձի պահպանման համար, այսօր ազգաբնակչությանը բացատրում է, որ 100 դրամով հնարավոր չէ Երևանում հանրային տրանսպորտի երթևեկություն ապահովել»։

Հրանտ Եղիազարյանը, որպես ուղևորափոխադրողների շահերի պաշտպան, կողմնակից է ուղեվարձի վերանայմանը, սակայն հաշվի առնելով քաղաքացիների սոցիալական վիճակն ու երկրում աղքատության բարձր մակարդակը՝ նշում է, որ ուղևորների համար սակագինը պետք է նույնը պահպանվի, իսկ տարբերությունը սուբսիդավորվի բյուջեի հաշվին։

«Եթե հավատանք Նիկոլ Փաշինյանի հավաստումներին, որ նախկինում իշխանությունները թալանով էին զբաղված, իսկ այսօր գողություն չկա, ապա հնարավոր է այդ տնտեսած գումարներով սուբսիդավորել քաղաքային տրանսպորտը, դա իրատեսական ծրագիր է, այսօրվա իշխանությունները կարող են կարգավորել հասարակական տրանսպորտի ոլորտը, բարեփոխել այն՝ նախ ֆինանս հատկացնելով այժմ գործող տրանսպորտային միջոցների գործունեության շարունակության համար մինչև ցանցն ամբողջությամբ կբարեփոխվի նոր շարժակազմերով»,-ասաց փոխադրողների միության նախագահը։

Հարցին, թե ի վերջո ե՞րբ դա տեղի կունենա, Հրանտ Եղիազարյանը կատակեց՝ երկու տարի հետո՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի համար այդ երկու տարին պարբերաբար ձգձվում է ու անգամ այսօր՝ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց տասն ամիս հետո նա նորից նույն երկու տարի ժամկետի մասին է խոսում․ «Երբ Հայկ Մարությանը եկավ իշխանության, ասաց, որ երկու տարվա մեջ կլինի։ Անցել է 10 ամիս, նորից ասում է երկու տարվա մեջ կլինի, անփոփոխ բանաձև է»։

Այնինչ Հրանտ Եղիազարյանը վստահեցնում է, որ դեռ 2013 թվականին կարելի էր կանխել ներկա վիճակը, երբ հանրային տրանսպորտի ոլորտը գրեթե կաթվածահար է եղած։ Ըստ նրա՝ դեռ այն ժամանակ իրենք քաղաքային իշխանություններից խնդրում էին բարձրացնել ուղեվարձը, թեկուզ սուբսիդավորման միջոցով, որպեսզի ֆինանսական կառույցները վստահեին իրենց և բարձր վարկեր տրամադրեին նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար, բայց քաղաքային իշխանությունները զիջումների չգնացին, իսկ քաղաքացիները չցանկացան ավելի վճարել։ Այդ օրվանից ոլորտը հայտնվեց բարձիթողի վիճակում, այսօր մենք անհամեմատ ավելի վատ քաղաքային տրանսպորտ ունենք, քան 5-6 տարի առաջ․ «Այսօրվա դրությամբ իմ ունեցած վերջին տեղեկություներով 11 միկրոավտոբուսային և 29 ավտոբուսային երթուղի է փակվել, ինչի արդյունքում երևանցիների մոտ 10 տոկոսը երթևեկում է 200 դրամով՝ տեղփոխով, քանի որ ուղիղ չվերթ չկա։ Իսկ ո՞ւր են երբեմնի ակտիվիստները, ինչո՞ւ չեն խոսում այդ տասը տոկոսի շահերից, թե՞ այդ տասը տոկոսը մեր երևանցիները, հայրենակիցները չեն։ Իսկ մեքենաների թիվն օրեցօր կրճատվում է այն պարզ պատճառով, որ նոր շարժակազմ ձեռք չենք բերում, եղածը նորոգում ենք մեր եղած շարժակազմի հաշվին․ մի մեքենան քանդում ենք, պահեստամասերը տեղափոխում մեկ այլ մեքենայի վրա և այդպես շարունակ՝ մինչև մեքենաները վերջանան։ Մեքենաներն ունեն ծառայութան ժամկետ, որը լրանալուց հետո դրանք շահագործողը հանցագործ է։ Այնպես որ, մինչև տարեվերջ 400-500 միկրոավտոբուս շահագործումից դուրս է գալու, իսկ դրանք չեն փոխարինվելու»։

Հասարակական գործիչ Սոնա Աղեկյանը, որը իր պարտքն է համարում պայքարել Երևանի հրատապ խնդիրների լուծման համար, ասում է, որ նա ուշիուշով հետևում է, թե քաղաքային իշխանություններն ինչ քաղաքականություն են իրականացնում հասարակական տրանսպորտի ոլորտում։ Եվ ըստ այդմ նա արձանագրել է, որ այդ ոլորտում իրավիճակը իշխանափոխությունից հետո գրեթե նույնն է մնացել։ Ըստ նրա՝ հանրային տրանսպորտից օգտվելով՝ ուղևորները վտանգում են իրենց թե առողջությունը և թե կյանքը, ամեն օր հարյուրավոր մարդասպան միկրոավտոբուսներ սլանում են Երևանի փողոցներով, իսկ ուղևորները ճարահատված օգտվում են դրանից, քանի որ ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս օգտվել առավել հարմարավետ ու համեմատաբար անվտանգ տաքսիներից։

«Դեռ Տարոն Մարգարյանի ժամանակ բազմիցս անդրադարձել ենք այդ խնդրին և կարծես թե սառույցը տեղից սկսել էր շարժվել։ Բայց իշխանափոխությունից հետո եկավ այսպես կոչված առավել ժողովրդավար իշխանություն, այդ թվում քաղաքային, որոնք մինչև ընտրությունները խոստանում էին իշխանության գալուն պես արագ բարեփոխել տրանսպորտային համակարգը։ 10 ամիս է՝ աշխատում է նոր քաղաքային իշխանությունը, բայց հանրային տրանսպորտի բնագավառում որևէ բան չի փոխվել, ավելին՝ նրանք հանրային տրանսպորտի բարեփոխման ծրագիրը սկսեցին զրոյից, այլ ոչ թե շարունակեցին նախկինների կիսատ թողածը։ Օրինակ՝ բրիտանական ընկերությանը պատվիրեցին ուսումնասիրություն, որը այդ նույն ընկերությունն արդեն իրականացրել էր նախկինների օրոք, և արդյունքներն անփոփոխ էին։ Այդպիսով զուր մսխվեց մեր ունեցած ռեսուրսը, ժամանակ կորավ, իսկ այդ ընթացքում երևանցիների աչքը ջուր կտրեց։ Փաստորեն հանրային տրանսպորտի բնագավառում ևս քաղաքապետարանը՝ հանձին քաղաքապետի, անգործություն է ցուցաբերում և կամ չի կարողանում կատարել իր նախընտրական խոստումները»,- ասաց մեր զրուցակիցը։

Սոնա Աղեկյանը հաճախ է միկրոավտոբուսներից ֆեյսբուքյան ուղիղ եթերների ժամանակ ներկայացնում դրանցում առկա վիճակը, երբ մարդիկ միմյանց շալակ ելած, կռացած շտապում են հասնել տուն, աշխատավայր, իրենց ցանկացած վայրը։ Միկրոավտոբուսներով թույլատրվում է տեղափոխել ընդամենը 13 ուղևոր, այնինչ պիկ ժամերին մինչև 32 հոգի է երթևեկում դրանցով, ինչը Սոնա Աղեկյանը մարդու իրավունքների խախտում է համարում։ Նրա ներկայացմամբ՝ տրանսպորտի մասին ՀՀ օրենքի 4-րդ գլխում նշված է, որ տրանսպորտային միջոցը պետք է ունենա սերտիֆիկատ և համապատասխանի անվտանգության, բժշկասանիտարական պահանջներին, աշխատանքի պաշտպանության նորմերին, բնապահպանական անվտանգության միջազգային և պետական ստանդարտներին: Բայց քանիցս բոլոր այդ պահանջները խախտվում են։ Ի՞նչ անվտանգության մասին կարող է խոսք լինել, եթե 13 հոգու համար նախատեսված միկրոավտոբուսները լեփ-լեցուն են երթևեկում, մարդիկ էլ կանգնած և ծռված վիճակում են։ Այդ դեպքում ոչ միայն երթևեկությունն ու ուղևորների տեղափոխությունն է ռիսկային դառնում, այլև երկար ժամանակ կորացած վիճակում կանգնած լինելով՝ քաղաքացիները ողնաշարի խնդիրներ են վաստակում։ Այս մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են մասնագետները։ Ի դեպ, միկրոավտոբուսների գերակշիռ մասը հեռու է բժշկասանիտարական չափորոշիչներին համապատասխանելուց, քանի որ դրանց նստարանները երևի թե արտադրման օրվանից չեն մաքրվել, նստատեղերի մի մասը կոտրված են, վրայի ծածկոցները պատառոտված։ Մեքենաների տեխնիկական վիճակը ևս կասկածելի է, դրանք պարբերաբար պետք է տեխնիկական զննություն անցնեն, սակայն այսօր երթևեկող շատ միկրոավտոբուսներ տեխնիկական զննություն անցնելու դեպքում միանշանակ կարգելվի դուրս բերել երթևեկության։ Մեկ այլ խնդիր են  կամ ավելի ճիշտ պատուհաս են ծխող վարորդները՝ հատկապես շնչուղիների հետ կապված խնդիրներ ունեցող ուղևորների համար։

Սոնա Աղեկյանի տեղեկացմամբ, իրենք բազմաթիվ դիմումներ ունեն հանրային տրանսպորտից օգտվող դժգոհ քաղաքացիներից, որոնք բարձրաձայնում են իրենց իրավունքների ոտնահարումների ու օրենքի խախտումների մասին։ Ոստի իրենք որոշել են դատական հայց ներկայացնել քաղաքային իշխանությունների դեմ՝ որպես վերահսկող կառույցի, որը զլանում է իր պարտականություններում։

Սոնա Աղեկյանն անդրադառնալով քաղաքապետի նախընտրական խոստումներին, հիշեցրեց, որ Հայկ Մարությանը խոստացել էր պաշտոնն ստանձնելուց հետո հրատապ կարգով բարեփոխել հանրային տրասնպորտը և երևանցիներին քաղաքակիրթ երթևեկելու հնարավորություն ընձեռել։ Բայց անցել է գրեթե մեկ տարի, իսկ երևանցիների երթևեկության սպասարկման որակն ավելի է վատթարացել․ «Շատ կարևոր է, որ իշխանությունները քաղաքական կամք ունենան հանրության կեցության համար բարենպաստ պայմաններ ապահովելու համար, իսկ եթե չկա այդ քաղաքական կամքը, աշխատանքային փորձը, ցանկությունը, ուրեմն երևանցիները շարունակելու են մնալ չլուծված խնդիրներով։

Սոնա Աղեկյանի հավաստմամբ՝ Երևան քաղաքի բյուջեն ունի այնքան հնարավորություն, որ երեք ամիսը մեկ մի քանի գծեր բարեփոխվեն։ Նրա կարծիքով՝ քաղաքապետարանի աշխատողներին տրամադրվող 140 հազար դոլար պարգևավճարի գումարն առավել արդյունավետ կծախսվեր ավտոբուսներ ձեռք բերելու և միկրոավտոբուսների մի քանի գծեր թարմացնելու համար։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը մեր տրանսպորտային համակարգի վիճակն ահուսալի է համարում՝ ասելով, որ թեկուզ մեր հարևան Վրաստանի համեմատությամբ մենք բավականին հետամնաց վիճակում ենք․ «20 տարվա ընթացքում մենք այդպես էլ չկարողացանք քաղաքակիրթ հասարակական տրանսպորտային համակարգ ունենալ, որը կապահովեր ուղևորների անվտանգ փոխադրումը։ Մեծ քաղաքին, ինչպիսին Երևանն է, անհրաժեշտ են մեծ տարողությամբ ավտոբուսներ, միասնական չվացուցակ, նման բան մինչև օրս գոյություն չունի, ուստի ոլորտում խայտառակ վիճակ է։ Մարդիկ տևական ժամանակ սպասում են այս կամ այն համարին, իսկ հետո մեկը մյուսի հետևից նույն ուղղությամբ երթևեկող մի քանի համարի մեքենա է մոտենում, բայց բոլորն էլ ծանրաբեռնված»։

Կարեն Չիլինգարյանը ևս խոսելով բարեփոխման ծրագրից, ասաց, որ վերջերս  է աշխատանքային խմբի հանդիպում եղել, որի ժամանակ ևս ըստ էության ոչինչ չի որոշվել։ Միայն քննարկվել է, որ նախորդ իշխանությունների մշակած ծրագիրը պետք է կյանքի կոչել, իսկ թե երբ, հայտնի չէ։

Փաստորեն քաղաքային իշխանությունները բաց չեն և որքան էլ խոսում են հանրության շահերին ծառայելու մասին՝ խուսափում են նրանց հետ անկեղծանալուց, իրենց համար կենսական կարևորության ծրագրերի մասին բացահայտ խոսելուց և գործի ընթացքի մասին տեղյակ պահելուց․ «Վեց ամիս կորավ նույն ծրագիրն ուսումնասիրելու համար և ընդունվեց, որ այն պետք է կիրառվի, բայց թե ինչու է ձգձգվում, տեղյակ չեմ։ Ասում են, թե երկու տարի կտևի գործընթացը, ըստ օդում կախված լուրերի, բայց դա անընդունելի է։ Գործընթացն արդեն պետք է սկսված լիներ։ Պետք չէ միանգամից ամբողջ համակարգի փոփոխություն արվի, դրա համար մեծ ներդրումներ կպահանջվեն։ Իսկ դա կարող է ազդել սակագնի վրա։ Բայց կարելի է աստիճանաբար փոփոխություն իրականացնել»։

Կարեն Չիլինգարյանի համոզմամբ՝ քաղաքային իշխանությունները պետք է ֆինանսական հոսքերը կառավարեն և վերահսկեն, որպեսզի պարզ լինի, թե որքան գումար է գոյանում հասարակական տրանսպորտի սպասարկումից և ինչպե՞ս կարելի է դրանց օգևագործել համակարգի բարեփոխման համար․ «Տրանսպորտը համակարգ է, որը սպասարկում է քաղաքացուն, այն չի կարելի որպես բիզնես դիտարկել, և հնարավոր է համակարգի արդյունավետության համար անգամ դոտացիա պահանջվի»։

Թագուհի Ասլանյան