Լուսանկարչության թանգարանի դռները բաց կլինեն բոլորի համար (տեսանյութ)

Երևանում վերջապես բացվեց լուսանկարչական արվեստի առանձին թանգարան։ Տարիներ շարունակ տարբեր ատյանների դռներ թակելուց, անպտուղ խոստումներից ու պետական կառույցներից անհույս սպասումներից հետո լուսանկարչության վարպետ Անդրանիկ Քոչարի որդին՝ Վահան Քոչարը սեփական միջոցներով Ավետ Ավետիսյան 19 հասցեում գտնվող սեփական առանձնատանը հիմնեց Անդրանիկ Քոչարի անվան լուսանկարչական թանգարանը։ Ոչ միայն նա, այլև հայ լուսանկարիչները երկար էին սպասել այս օրվան, երբ Հայաստանում ևս գործի լուսանկարչական թանգարան, քանի որ և դրա պահանջարկն էր հասունացել, և Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արխիվը հանրայնացնելու, մեկ հարկի տակ ամբողջացնելու անհրաժեշտություն կար։

Ի դեպ, թանգարանի դռները բաց են լինելու բոլոր այցելուների համար, այս առումով էլ թանգարանը տարբերվելու է պետական բոլոր նման հաստատություններից, որտեղ մուտքը հիմնականում տոմսերով է։

Ցավալի է, որ պետական միջոցները ծախսվում են այնպիսի նախագծերի համար, որոնք ապազգային քարոզչությամբ են զբաղված և ազգային արժեքների դեմ են գործում։ Իսկ ահա միջազգային հեղինակություն ունեցող հայ լուսանկարիչների գործերի ցուցադրման ու պահպանման համար պետական գանձարանում մեկ լումա էլ չգտնվեց։ Ինչպես հավաստում է Վահան Քոչարը, աշխարհում ապրել ու գործել են մեծաթիվ հայ լուսանկարիչներ, և բոլորն էլ անվանի ու տաղանդավոր։

Անդրանիկ Քոչարը հայ լուսանկարչության զարգացման գործում մեծ ավանդ է ունեցել, նա գեղարվեսատական լուսանկարչության հիմնադիրն է։ Ապագա լուսանկարիչը ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում և ինքնուրույն սովորելով լուսանկարչություն՝ Ալեքսանդրիայի միակ կինոստուդիայում աշխատել է որպես օպերատորի օգնական: 1945թ. Ծննդավայրում բացել է իր լուսանկարչատունը, որը գործել է մինչև նրա հայրենիք մեկնելը: Լուսանկարիչը Հայաստան է տեղափոխվել 1947թվականին և աշխատանքի անցել «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես օպերատոր, այնուհետև՝ լուսանկարչական բաժնի վարիչ: Հենց այդ ժամանակվանից էլ սկսվել է լուսանկարչի երկար ճանապարհորդությունը արվեստի հետաքրքիր ոլորաններում։ Կինոստուդիայում աշխատելու տարիներին ստեղծել է այդ ժամանակաշրջանի հայկական կինոաշխարհի մարդկանց ու նրանց աշխատանքային պայմանների մասին լուսանկարների շարք:

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ՝ Թագուհի Ասլանյան