Հայ պատանի մաթեմատիկոսները Լոնդոնից վերադարձել են 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալով

Հայ պատանի մաթեմատիկոսները երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Լոնդոնում անցկացված մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Երեկ Լոնդոնում ավարտվեց մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան: Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե մեդալ, մեկ բրոնզե մեդալ, երկու գովասանագիր են ստացել: Նախորդ տարվա համեմատ երեք բրոնզե մեդալ պակաս ունենք, ինչը պայմանավորված է թիմի թարմացմամբ:

Մեդալների որակը պահում ենք, և արդեն հաջորդ տարի ոսկու խնդիր պետք է դնել: Շնորհավոր մեր թիմի անդամներին և նրանց մարզիչներին: Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ ֆիզիկոսները վերադարձել էին հինգ բրոնզե մեդալով: Սպասում ենք մյուս թիմերի արդյունքներին` քիմիայից, կենսաբանությունից, աստղագիտությունից»,- նշել է նա: