Նոր ցեղասպանություն․ համաշխարհային դավադրություն Ստամբուլում (տեսանյութ)

Հայաստանում ընտանեկան բռնության և առանձին դեպքերի մասին սկսել են խոսել վերջին տարիներին՝ ահազանգելով, որ մեզ կանխարգելող, ինչպես նաև բռնության ենթարկվածներին պաշտպանող օրենքեր ու մեխանիզմներ են հարկավոր։ Ընդ որում ներկայացվում է, թե մեզանում բռնությունները մտահոգիչ թվերի են հասնում, գոնե թե նրանց կողմից, ովքեր որոշակի նպատակներ ունեն նման հայտարարություններ անելով։ Իսկ նպատակն արևմտյան տերերին բարի ծառայություն մատուցելն ու նրանց ծրագրերի իրագործման համար կանաչ լույսի ապահովումն է մեծ գումարների դիմաց։

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հիմնադիր Հայկ Այվազյանի խոսքով, բոլոր նման հայտարարությունները ստահոդ են, քանի որ հիմնված չեն հստակ փաստերի վրա և ընդհանրացված են, անհատական դեպքերն անձնավորված չեն և ոչ էլ ապացուցված է նման դեպքերի իսկությունը։ Օրինակ, վերջերս Հանրային ռադիոյի հաղորդավար Լյուսի Քոչարյանը լծվել է հանրության շրջանում բռնությունների «լուսաբանման» գործին՝ հիմնվելով իրեն ուղղված նամակների վրա՝ առանց դրանց իսկությունը կասկածի տակ դնելու։

Ի դեպ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներն այլ բանի մասին են վկայում։

Որպես ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկվածների աջակցման գործուն մեխանիզմ՝ ՀՀ կառավարության միջնորդությամբ մեր հասարակությանն է պարտադրվում «Ստամբուլյան կոնվենցիան», որի ամբողջական անվանումն է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա»։ Բայց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հիմնադիր Հայկ Այվազյանի տվյալներով՝ այսօրվա դրությամբ այդ կոնվենցիան վավերացրած երկրներում բռնությունների թիվը ոչ թե նվազում է կամ գոնե պահպանվում նույն մակարդակում, այլ երկրաչափական պրոգրեսիայով աճում է։ Ավելին, նման կոնվենցիաներն ու օրենքները նպաստում են տվյալ հասարակության մեջ ամուսնալուծությունների աճին, ընտանիքների կազմաքանդմանը և ընդհանրապես ընտանիք մոդելի, կառույցի ձևախեղմանը, ինչին, ի դեպ, ծառայում են նման փաստաթղթերը։

Իսկ ինչպե՞ս են գործում այս կամ այն հասարակություն ներխուժող արևմտյան տարբեր հիմնադրամների ու կառույցների կողմից ֆինանսավորվող ծրագրերը։ Նախ՝ աշխատանքներ են տարվում տվյալ հասարակության արժեքները նսեմացնելու, հեղինակազրկելու, ծաղրուծանակի ենթարկելու, ինչին էլ ականատես ենք գոնե թե վերջին քսան տարիներին։ Ավանդական ամեն ինչ, ամեն արժեք հետամնացություն է համարվում և անհատների մեջ «առաջադեմ» հայացքներ են սերմանվում։ Այդպես տարիներ շարունակ փորձ է արվում հայկական ընտանիքը ներկայացնել որպես բռնությունների, հետամնացության, տգիտության օջախ, որտեղ ամուսինը տեր է, իսկ հայ կինը՝ ստրուկ, որտեղ ամուսիններն այնքան հետամնաց են, որ նրանց կյանքը սահմանափակվում է կենցաղային խնդիրներով ու հոգսերով։ Հայկ Այվազյանը դա տեղեկատվական, քարոզչական պատերազմ է համարում, որում այլասերումների քարոզիչները գործի են դնում ցանկացած տեսակի զենք՝ հասարակության, անհատի գիտակցության վրա ներազդելու և այսկերպ անհատներին իրենց մոլությունների, պղծությունների մեջ ներքաշելու համար։

Ի դեպ, մինչ «Ստամբուլյան կոնվենցիայի» ու նմանատիպ օրենքների ջատագովները ահազանգում են, թե Հայաստանում ընտանեկան բռնությունը մեծ տարածում ունի, և կոնվենցիայի վավերացումը ցպահանջ է, շատ մասնագետներ հիշեցնում են, որ իրենք տարիներ ի վեր բարձրաձայնում են մեր հասարակության մեջ բռնություն սերմանող, համամարդկային, նաև ազգային արժեքները ոչնչացնող հեռուստահաղորդումների, նովելների ու սքեչների մասին՝ ասելով, որ այսօրվա վիճակը նրանք դեռ այն ժամանակ էին կանխատեսում։ Տարիներ առաջ, երբ մեր հեռուստաընկերությունները սկսեցին հանրությանը մատուցել հայկական սերիալները, դրանց հեղինակները ջանքեր չէին խնայում բռնության զանազան տեսարաններով համեմել իրենց արտադրանքը՝ արդարանալով, թե պահանջարկն է այդպիսին։ Մերօրյա իշխանությունները ևս փոխանակ ականաջալուր լինելու այդ մտահոգություններին և համապատասխան քայլեր ձեռնարկելու՝ կացնային միջոցների են դիմում՝ նորից իբրև բռնության ենթարկվողների համար մտահոգվածներ ներկայանալով։ Բայց, ինչպես նշում է հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ նրանց մտահոգությունն ամենևին հասարակական կամ իրավական չէ, այլ քաղաքական է, ավելի ճիշտ՝ քաղաքական պատվերը արժանապատվությամբ կյանքի կոչելն ու արևմտյան տերերի աչքին սևերես չմնալն է։

Հոգեբանը չի հերքում, որ Հայաստանում կա բռնություն նաև ընտանիքներում, սակայն նա նշում է, որ մեզանում ուսումնասիրված չեն այդ բռնությունների հրահրման պատճառները, և դրանք կանխարգելելու մեխանիզմներն էլ բնականաբար չեն կարող ճիշտ մշակվել ու կիրառվել, առավել ևս եթե դրանք մեզ պարտադրվում են դրսից և յուրաքանչյուր ազգի համար ընդհանուր գործիքակազմ են ներկայացնում՝ բավականին լավ թաքնված խութերով։ Այսօր կառավարությունը փորձում է հանրությանը պարտադրել ինչ-որ «Ստամբուլյան կոնվենցիա»՝ իբրև «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա»՝ հայտարարելով, թե դրա միջոցով փորձ է արվելու պաշտպանել կանանց, երեխաներին բռնություններից, կանխարգելելու դրանք և այս կամ այն ժողովրդի մշակույթի մեջ վերափոխելու կանանց և տղամարդկանց ավանդական դերերի մասին պատկերացումները, որոնք էլ, ըստ կոնվենցիայի, բռնության պատճառ են դառնում։ Բայց մտահոգ մասնագետները այդ կոնվենցիայում իրականում այլ թիրախներ են տեսնում և հավատացնում, որ այդտեղ ծուղակ կա, որի նպատակը պետականության կազմաքանդումն է։

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ մեր հասարակության մեջ առկա բռնությունը պետք է կանխարգելել ոչ թե տարատեսակ կոնվենցիաներով, այլ պարզապես երեխաներին ճիշտ դաստիարակելով և նրանց մեջ ճիշտ արժեհամակարգ ձևավորելով։ Իսկ դրա համար պետք է վերափոխվեն թե դասավանդման մեթոդաբանությունը և թե ուսուցիչների, դաստիարակների սերունդը։

Ահարոն Ադիբեկյանն անառողջ է համարում ընտանիքներում կանանց և տղամարդկանց դերերի հավասարեցման մասին պնդումները՝ ասելով, որ կան բաներ, որ ընտանիքում չի կարող անել կինը, կան բաներ, որ տղամարդուն հարիր չէ անել։ Նույն հաջողությամբ կարելի է տղամարդուն պարտադրել երեխա ունենալ։ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով ևս «Ստամբուլյան կոնվենցիան» իրականում նպատակ ունի փոփոխել ընտանքի մոդելը և միասեռականների համատեղ կեցությանը ևս ընտանիքի կարգավիճակ տալ, ինչը մեր հասարակության կողմից երբևէ չի հանդուրժվի։

Մանրամասները՝ տեսանյութում