Գարեգին Երկրորդը ՀՀ արդարադատության նախարարին իր մտահոգությունն է հայտնել «Ստամբուլյան կոնվենցիայի» մասին

Հուլիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի հաղորդմամբ,  Վեհափառ Հայրապետը ողջունել է նախարարի առաջին այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության կարևոր առաքելությանը երկրի օրինավոր և բարօր կյանքի կերտման գործում:

Նորին Սրբությունը նախարարին մաղթել է արդյունավոր գործունեություն և հաջողություններ իր ծառայության մեջ:

Զրույցի ընթացքում խոսվել է ընդհանուր մարտահրավերների և հանրության մեջ օրենսդրության առնչությամբ անհանգստություն առաջացնող հարցերի մասին: Մասնավոր քննարկման առարկա է դարձավ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:

Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից առաջ քաշված մտահոգությունների՝ ՀՀ արդարադատության նախարարը և նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը փաստաթղթի առնչությամբ ներկայացրել են իրենց դիտարկումները: