Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի մանրամասները

Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից Երևան մեկնող ինքնաթիռում ծուխը, ամենայն հավանականությամբ, հայտնվել է այն պատճառով, որ հիդրավլիկ հեղուկի գոլորշին և յուղը հայտնվել են օդորակման համակարգում: «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է Մոսկվայի տրանսպորտի հարցերով միջտարածաշրջանային քննչական վարչությունը:

Վարչության ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայան հայտնել է, որ ավելի ուշ գոլորշին օդանավի սրահ է ներթափանցել: Կրակի կամ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել, ինքնաթիռի ագրեգատները վնասված չեն:

«Միջադեպի հետևանքով ուղևորների առողջությանը սպառնացող վտանգներ չեն եղել»,- հավելել է ներկայացուցիչը: