Շահագործման է հանձնվել Ամասիայի բրդի գործարանը

Հուլիսի 19-ին ԵՄ աջակցությամբ շահագործման է հանձնվել Ամասիայի բրդի գործարանը, որը ստեղծվել է «ԵՄ-ը Շիրակի մարզի համար․ նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունը։

Ամասիայի բրդի գործարանի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են և բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը:

«Այսօր Ամասիայի բրդի վերամշակման գործարանի գործարկմամբ ուրախ ենք նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, կանանց տնտեսական ակտիվությանը և Շիրակի մարզի տնտեսական աճի զարգացմանը,- նշել է դեսպան Սվիտալսկին իր ելույթում:- Շիրակի մարզը Լոռու և Տավուշի մարզերի հետ այժմ գտնվում են ԵՄ-Հայաստան համագործակցության ուշադրության կենտրոնում: Շնորհակալ ենք մեր գործընկերներ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությանը, Ամասիայի համայնքապետարանին, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամին և Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատին մեր ուշադրությունը Ամասիայի բրդի արժեշղթայի մրցակցային առավելությանը սևեռելու համար: Ուրախ կլինենք առաջիկա տարիներին Ամասիայում տեսնել կարպետագործության, գորգագործության և գործվածքների արտադրության ծաղկումը»:

Միջոցառման հյուրերը բացման հանդիսավոր արարողությունից հետո շրջել են գործարանի տարածքում, ծանոթացել գործարանի աշխատանքներին և սարքավորումներին, զրուցել աշխատակիցների հետ։

Ամասիայի և հարակից 8 բնակավայրերի ոչխարի բուրդն ունի մոտ 16 գունային երանգ, ինչը նպատակահարմար է կարպետագործության, գորգագործության և գործվածքի արտադրության համար։ Գործարանում նախատեսվում է տարեկան մինչեւ 25 տոննա արտադրական ծավալ: