Ինչո՞ւ չտարան նրանց, ովքեր սղոցարաններ ունեն. ձերբակալվածների հարազատներ (տեսանյութ)

Իջևանում երեկ ոստիկանների և ճանապարհը փակած քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալվածների հարազատները հավաքվել են Իջանի մարզպետարանի դիմաց և պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին: Այս մասին տեղեկացրել է Tert.am-ը։

«Ի՞նչ են արել, մարդասպա՞ն են, ինչ են, թող մեր անմեղ երեխեքին մեզ տան, աշխատատեղ չկա, ջահել երեխեք են, փոխանակ մի աշխատատեղ ստեղծեն, ի՞նչ են ուզում, իրենք լա՞վ ա, ուզում են լավ ապրեն, մենք չէ՞, ոսկե ձկնիկի պատմությունն է  դառել… բոլորը վարկերի, պարտքեր տակ են»,- ասել է նրանցից մեկը:

Նրանք պնդում են, որ երեկ ոստիկանների հետ բախումը սկսվել է ոստիկանների մեղքով. «Խմած ոստիկանները եկել են ու բախումը սկսվել է»,- պատմել է ձերբակալվածներից մեկի մայրը:

Ձերբակալվածի մայրը նշել է, որ տարել են բոլոր նրանց, ովքեր օրվա ապրուստն են հոգում: «Նա, ով օրվա ապրուստն է հոգում, մենակ նրանց տարան, բայց ովքեր սղոցարաններ ունեն, լավ բիզնեսի տերեր են, ինչի՞ չեն նրանց տարել, ովքեր օրվա հարցի փողն են հոգում, նենց են տարել, որ ծնողը մնացել է շշմած, չգիտի ուր են տարել»,- ասել նա՝ պնդելով, որ ոստիկանները բռնի ուժ են կիրառել:

Ձերբակալվածների հարազատները պնդել են, որ «սարքած գործ է, որ Երևանից եկել են ու կրակի վրա բենզին են լցրել»: «Ոչ մի ոստիկանի մերոնք մատով չեն խփել, Երևանից եկել են, քաշքշելն են»,- ասաց տիկինը:

Նա նաև նշել է, որ  ոստիկանապետը նրանց ասել է, որ եթե փաստեր ունեն և համոզված են, որ նրանց հրահրել են, թող դիմում գրեն և ներկայացնեն: «Մենք փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա, հիմա հավաքում ենք, որ ներկայացնենք և՛ դատախազություն, և՛ մարզպետարան, թող բացեն, նայեն»: