Փաշինյանը պահանջեց գտնել Իջևանի դեպքերի բոլոր մասնակիցներին

Գործադիրի այսօրվա նիստի օրակարգային հարցերից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Իջևանում երեկ կատարված դեպքերին։ Նա հայտնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցների ու քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել 12 ոստիկան և 2 քաղաքացի։

«Ապօրինի ծառահատումներ իրականացնող անձինք փորձել են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը։ Միանգամից ասեմ, որ կառավարությանն ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության»,– ասաց վարչապետը` խոսքը փոխանցելով ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանին, ով նոր էր վերադարձել Իջևանից։

«Ոստիկանությունն օրենքի շրջանակներում պատնեշ էր կազմել։ Ուզում էինք բացել փողոցները։ Այդտեղ տեղի ունեցավ բախում։ Բողոքավոր հատվածը`փայտերով, քարերով, մահակներով վնասվածքներ պատճառեց մի խումբ մեր ոստիկանների»,– ասաց Մովսիսյանը`հավելելով, որ վնասվածքները, բարեբախտաբար, վտանգավոր չեն։

Ոստիկանապետի տեղակալը հայտնեց, որ այս պահին հիվանդանոցում են մնում 8 ոստիկան։ Նրանցից 2-ը բուժումը կշարունակեն ստացիոնար, մնացած 6–ը` ամբուլատոր պայմաններում։

Վարդան Մովսիսյանի խոսքով`Իջևանում նախատեսվում է ավելի ուժեղացված ծառայություն իրականացնել։ Իրավիճակը ներկա պահին վերահսկվում է, մայրուղիները բաց են, ոստիկանապետն այս պահին Իջևանում է։

Անդրադառնալով քաղաքացիների նկատմամբ կիրառված միջոցներին, Մովսիսյանը հայտնեց, որ բողոքի ակցիայի ակտիվիստներից 19 հոգի բերման է ենթարկվել, որոնցից 13-ը ձերբակալված են, 6-ը`ստորագրությամբ ազատ են արձակվել։

Վարչապետը, ընդհատելով ոստիկանության պետի տեղակալի զեկույցը, նշեց, որ իր տեղեկություններով բերման ենթարկվածների թիվը պետք է ավելի մեծ լիներ։

«Շուրջ 30 հոգի կազմակերպիչները (ակտիվիստ բառն այստեղ կարծում եմ այնքան էլ ճիշտ չէ օգտագործել) պետք է բերման ենթարկվեին։ Մյուսները ո՞ւր են»,– ասաց վարչապետը։

Վարդան Մովսիսյանը հաստատեց, որ իրականում պոտենցիալ բերման ենթարկվողների ցուցակն ավելի մեծ է եղել, բայց ոստիկանները գնալով նրանց գրանցման հասցեներով, նրանց տեղում չեն հայտնաբերել։

Այդուհանդերձ, Մովսիսյանը վստահեցրեց, որ բացառված է հիշյալ անձանց` հանրապետությունից դուրս գալը։ Ոստիկանները շարունակում են փնտրել նրանց։

Հիշեցնենք`երեկ`հուլիսի 17-ի ուշ երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ էին տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության 12 ծառայողներ ու 1 քաղաքացի վիրավորվել է:

Դեպքի վայր էր մեկնել նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, Իջևան էին տեղափոխվել նաև մեծ քանակությամբ ոստիկանության ուժեր։