Ինչպե՞ս է հնարավոր Ադրբեջանի պես ամբողջատիրական երկրին նախապատրաստել խաղաղության

ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում նախագահ Ալիևի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:

Անդրադառնալով տարածաշրջանում կայունության հարցին, Տուսկը նշել է, որ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը:

«Չկա ռազմական լուծում, այլ միմիայն միջազգային իրավունքին և սկզբունքներին համապատասխան քաղաքական կարգավորում: ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց ուշադրությանը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա հիմնված արդար և երկարատև կարգավորմանը: Մենք գնահատում ենք լարվածության ընդհանուր անկումը, բայց, ինչպես համանախագահները, մենք մտահոգված ենք շփման գծում վերջին կորուստներով: Զսպումը կարևոր է, ինչպես նաև խաղաղության ու արդյունավետ բանակցություններին նպաստող բարենպաստ մթնոլորտի վերականգնման միջոցները։ ԵՄ-ն արդեն իսկ աջակցում է խաղաղությանն ուղղված աշխատանքներին և պատրաստ է աջակցել՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին»,- ասել էր Դոնալդ Տուսկը։

ԵՄ-ի պաշտոնյայի հայտարարությունը խավիարային դիվանագիտության ամբողջական շարունակության կոնտեքստում է տեղավորվում, և պետք է արձանագրենք, որ Ադրբեջանում արված հայտարարությունները հակասում են ԵՄ-ի որդեգրած քաղաքականությանը: Արձանագրենք, որ պարոն Տուսկի հայտարարությունը իր մեջ պարունակում է վտանգավոր եզրույթներ: Մասնավորապես՝

  1. Դոնալդ Տուսկի այն հայտարարությունը, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը: ԵՄ պաշտոնյան չի հստակեցրել, թե ի՞նչ է նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, արդյո՞ք ԵՄ պաշտոնյան նկատի ունի ներկայիս Ադրբեջանի սահմանները, թե նրանք, որոնց հավակնում է Ադրբեջանը:
  2. Դոնալդ Տուսկը հայտարարում է, որ ԵՄ-ն պատրաստակամ է ժողովուրդներին նախապատրաստելու խաղաղության: Ինչպե՞ս է հնարավոր Ադրբեջանի պես ամբողջատիրական երկրին նախապատրաստել խաղաղության, երբ եվրոպական երկրում հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին բանտ նստեցնելու փոխարեն, տեղափոխեցին Ադրբեջան և տվեցին հերոսի կոչում: Հարգելի՛ պարոն Տուսկ, սա, կարծեմ, եվրոպական երկրների որդեգրած քաղաքականությանը հակասող գործընթաց է։
  3. Դոնալդ Տուսկը հայտարարում է, որ իրենց համար առանցքային է պետականաշինության հիմքում ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար ազատությունը և մտերիմ հարաբերություններ ձևավորումը Ադրբեջանի հետ, այսինքն՝ բռնապետական մի երկրի հետ, որտեղ զանգվածաբար խախտվում են մարդու իրավունքները, տեղի են ունենում բիրտ բռնաճնշումներ ազատ խոսքի ու ԶԼՄ-ների նկատմամբ: Ստացվում է՝ ԵՄ-ն որդեգրել է մի քաղաքականություն, բայց անում է իր իսկ սկզբունքներին ու արժեքներին հակառակ քայլեր:

«Քաղաքացիական հարթակ» հասարակական կազմակերպությունը դատապարտում է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշումը, և սա առաջին հերթին ահազանգ է ներկայիս իշխանություններին, որ տարածաշրջանային ներկայիս լարվածության ֆոնին վարեն ճիշտ աշխարհաքաղաքականություն դաշնակից երկրների հետ և առաջնորդվեն ընդգծված հայամետ դիրքորոշմամբ:

«Քաղաքացիական հարթակ» ՀԿ նախագահ Աղվան Պողոսյան