Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ-ի որոշմանը

Պաշտոնական Անկարան, ի պատասխան Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշմանը, հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում վճռականորեն շարունակելու է հորատման աշխատանքները, և այդ որոշումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ իրենց համար։

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ որոշման մեջ Կիպրոսի թուրքերի մասին ոչինչ չի նշվում, մինչդեռ, ըստ թուրքական կողմի պնդումների, նրանք հույների հետ հավասար իրավունքներ ունեն կղզու բնական ռեսուրսների նկատմամբ։

Թուրքական իշխանությունները ԵՄ-ին մեղադրել են կանխակալ վերաբերմունք ունենալու և կողմնապահ դիրքորոշում ցուցաբերելու մեջ։

2016 թվականի «պետական հեղաշրջման փորձի տապալման» 3-րդ տարեդարձի օրը Թուրքիայի դեմ նման որոշում ընդունելը, ըստ պաշտոնական Անկարայի, խորհրդանշական իմաստ ունի։

Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է նաև, որ 1963-ից հետո Կիպրոսի Հանրապետությունը չի ներկայացնում Կիպրոսի թուրքերին և այս առումով իրենց և Կիպրոսի թուրքերի համար այն իրական պետություն չի կարող համարվել։

«Քանի դեռ ԵՄ-ն այս իրականությունը չի ընդունել և Կիպրոսի թուրքերին շարունակում է ընկալել որպես փոքրամասնություն, այլ ոչ թե հավասար իրավունքներով օժտված կղզու ընհանուր տեր, չի կարող Կիպրոսի հարցում կառուցողական որևէ ներդրում ունենալ»,- ասվում է հայտարարության մեջ։