Գեներալ Գերասիմովն ու ամերիկացիները կրկին բանակցում են Բաքվում

Համեմատաբար կարճ ժամանակահատվածում երկրորդ անգամ հանդիպեցին ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ամերիկացի Թոդ Ուոլթերսը: Վալերի Գերասիմովի առաջին հանդիպումը Եվրոպայում ՆԱՏՕ-ի Զինված ուժերի ռազմական հրամանատարության հետ տեղի ունեցավ, հիշեցնեմ ընթերցողներին, 2018 թվականի դեկտեմբերին: Այն ժամանակ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ներկայացնում էր ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի (ՄԶՈՒ) գերագույն գլխավոր հրամանատար ամերիկացի գեներալ Կյորտիս Սկապարոտին:

Սակայն 2019թ. հուլիսի 10-ին ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել է. «Բաքվում գտնվելու ընթացքում Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի ՄԶՈՒ գլխավոր հրամանատար Թոդ Ուոլթերսի հետ: Նախատեսվում են նաև բանակցություններ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ»: Այսպիսով, կես տարվա ընթացքում երկրորդ անգամ ռուս և ամերիկյան զինվորականները Ապշերոնյան թերակղզին ընտրում են որպես բանակցությունների վայր: Մյուս կողմից, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդման, կարելի է հասկանալ, որ Ուոլթերսի հետ բանակցություններից բացի, բանակի գեներալ Գերասիմովը նախատեսում է հանդիպել Ադրբեջանի ողջ վերնախավի հետ` սկսած նախագահ Իլհամ Ալիևից և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովից:

Ոչ 2018 թվականի դեկտեմբերին պարզաբանվեց, թե ինչու էր Բաքուն ընտրվել որպես Գերասիմովի և ՆԱՏՕ-ի ՄԶՈՒ գլխավոր հրամանատարի հանդիպման վայր, ոչ էլ հիմա որևէ մեկնաբանություն տրվեց այդ մասին։ Դիտորդներին և մեկնաբաններին մնում է միայն ենթադրել, թե ինչն է նպաստել Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի և նրա ամերիկյան բանակցային գործընկերների ընտրությանը: Այնուամենայնիվ շարունակում ենթադրությունների դաշտում մնալ նաև թեմաները, որոնք Գերասիմովը քննարկել է Սկապարոտիի հետ 2018թ. Դեկտեմբերին, և որոնք Գերասիմովը քննարկել է 2019թ. հուլիսին Ուոլթերսի հետ: Դատելով այն հանգամանքից, որ դեկտեմբերյան բանակցություններից անցել է 6 ամսից մի քիչ ավելի, Բաքվի այժմյան բանակցությունները վեց ամիս առաջ ձեռք բերված ինչ-որ պայմանավորվածության արդյունքն են:

Բայց, այնուամենայնիվ, ինչո՞ւ էր Բաքուն ընտրվել որպես հանդիպումների և բանակցությունների վայր: Վերջ ի վերջո Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չէ: Ռուսաստանի կազմի մեջ էլ չի մտնում, ինչպես հայտնի է: Սակայն պարզ է, որ եթե Գերասիմովն ու նրա ամերիկացի բանակցային գործընկերները քննարկեին Եվրոպայում անվտանգության հետ կապված թեմաները, ապա նման հանդիպումները ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի և ՆԱՏՕ-ի ՄԶՈՒ հրամանատարության միջև կնշանակվեին ինչ-որ տեղ Եվրոպայում, և ոչ թե Անդրկովկասում: Հենց «Անդրկովկասյան տարրն» է Ռուսաստանի և ՆԱՏՕ / ԱՄՆ զինված ուժերի հանդիպումներում հիմք տալիս այն հիմնական վարկածին, որ շիական Ադրբեջանն ընտրվում է որպես բանակցությունների հարթակ, քանի որ Ռուսաստանի Գլխավոր շտաբը և ՆԱՏՕ-ն քննարկում են հարցեր՝ կապված շիական Իրանի և Մերձավոր Արևելքի շիաների հետ: Մասնավորապես, Իրաքում և Սիրիայում: Հնարավոր է, որ ռուսների և ամերիկացիների ընտրության վրա նաև ազդում է այն հանգամանքը, որ Ադրբեջանը դեռևս հավատարիմ է «ոչ ձեզ, ոչ էլ մյուսներին» մարտավարությանը, այսինքն չի շտապում ինտեգրվել ՆԱՏՕ-ին և կտրականապես հրաժարվում է միանալ ԱՊՀ ՀԱՊԿ-ին: Ամեն դեպքում, Հայաստանի և Արցախի իշխանությունները պետք է հետևեն Ռուսաստանի և ԱՄՆ բարձրագույն գեներալիտետի շփումներին, որտեղ էլ դրանք լինեն:

Սերգեյ Շաքարյանց