ՀՀ-ը և ԱՄԷ-ն համագործակցությունը կխորացնեն կրթության բնագավառում

Հուլիսի 14-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպել է ԱՄԷ կրթության նախարար Հուսեյն Բին Իբրահիմ Ալ Համմադիի (Hussein Bin Ibrahim Al Hammadi) հետ:

ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության բնագավառում երկու երկրների փորձի, ինչպես նաև համատեղ կրթական և գիտական ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայիսին Երևանում կայացած հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում կրթության բնագավառի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, կրթության բնագավառի մասնագետների և ուսանողների փոխանակման հնարավորությունների շուրջ:

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտումյանն անդրադարձել է Հայաստանում թվային օրակարգի և ստեղծագործ կրթության բնագավառում արձանագրված հաջողություններին՝ ԱՄԷ կրթության նախարարին, մասնավորապես, ներկայացնելով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը: Զրուցակիցներն արձանագրել են, որ այս բնագավառում երկու երկրների միջև առկա է զգալի ներուժ՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր ներդնել երկկողմ համագործակցության առավել խորացման ուղղությամբ: