ԵՄ-ը սատարում է Կիպրոսին՝ Թուրքիայի հորատանավի հետ ստեղծված իրադրությունում

Մեր նպատակը ամբողջ Կիպրոսի խաղաղ միավորումն է․ Միխայել Ռոտ

Եվրամիությունը (ԵՄ) համերաշխ է Նիկոսիայի հետ Կիպրոսի ափամերձ ծանծաղուտում թուրքական հորատանավի գործողությունների շուրջն ստեղծված իրադրությունում: ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, հուլիսի 15-ին այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարությունում Եվրոպայի գործերի պետնախարար Միխայել Ռոտը ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների նիստից առաջ:

«Թուրքիայի սադրանքը բոլորիս կողմից անընդունելի է: Այս հարցում մենք Կիպրոսի կողմից ենք,- ասել է նա:- Մենք գտանք համապատասխան հավասարակշռող մարտավարություն, որը մեզ թույլ է տալիս քննարկել բոլոր տարբերակները, անշուշտ, նաև պատժամիջոցները»,- նշել է Ռոտը:

Նրա խոսքով՝ «հարկ եղած ժամանակ» ԵՄ-ը պետք է դա քննարկի: «Ես կարող եմ սոսկ հուսալ, որ այժմ շատ հակամարտությունների և ճգնաժամերի չի ավելանա ևս մեկը»,- նշել է պետնախարարը: «Կարևոր է, որ մենք մեկ անգամ ևս հասկացնենք, որ (արդյունահանման իրավունքների) այդ բոլոր հարցերն անհրաժեշտ է վերջնականապես պարզել ՄԱԿ-ի հովանու ներքո,- ասել է Ռոտը:-Մեր նպատակը ամբողջ Կիպրոսի խաղաղ միավորումն է»,- եզրափակել է նա:

Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու ափամերձ ծանծաղուտում գտնվել են բնական գազի մեծ հանքավայրեր: 2011 թվականին ԱՄՆ-ի Noble Energy ընկերությունը հայտնաբերել է, մասնավորապես, «Աֆրոդիտե» հանքավայրը, որի պաշարները գնահատվում են մոտավորապես 140 միլիարդ խորանարդ մետր։

Հիշեցնենք, որ Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, «Ֆաթիհ» հորատանավը ուղարկելով այդ տարածք, նշել էր, որ հորատումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 3-ը:

Հունիսի 10-ին Կիպրոսի Հանրապետության իշխանությունները լիազորել էին թուրքական հորատման նավի անձնակազմի անդամների ձերբակալումը: Չնայած դրան, հուլիսի 4-ին Թուրքիան երկրորդ՝ «Յավուզ» նավն ուղարկեց, ափամերձ տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է պաշտպանել կիպրոսցի թուրքերի իրավունքները, ընդհուպ՝ զինված ուժերի օգտագործմամբ: