Հնագույն գլոբուսը

Սկիզբը`այստեղ

 Տեղեկությունների այս շարքը ներկայացնում է մեր մոլորակի վրա հայտնաբերված անհավանական գտածոների սոսկ մի մասը, որոնք վկայում են մոռացված անցյալում երկրային զարգացած քաղաքակրթությունների գոյության կամ այլմոլորակային քաղաքակրթությունների՝ Երկիր այցելության մասին։

Մենք բնավ առաջին քաղաքակրթությունը չենք Երկրի վրա, կամ էլ դեռ վաղ անցյալից Երկիր ժամանած այլ քաղաքակրթությունների ներկայացուցիչները թողել են իրենց առարկայական հետքերը։ Այս մասին է վկայում այն փաստը, որ աշխարհում կան բազմաթիվ գտածոներ, որոնց գոյությունն անհնար է բացատրել մարդկության ծագման մեզ հայտնի պատմության տեսանկյունից։

1984 թվականին Էկվադորի Լա Մանա լեռնազանգվածում ավելի քան 90 մետր խորության թունելում Էլիաս Սոտոմայորի գլխավորած արշավախմբին հաջողվեց հայտնաբերել մեծ քանակությամբ հինավուրց իրեր։ Գտածոներից մեկը, ամենայն հավանականությամբ, հնագույն գլոբուսն է երկրագնդի վրա։

Դա ոչ գնդաձև, բայց կլորավուն քար է, որի վրա պատկերված են բոլորիս ծանոթ մայրցամաքների ուրվագծերը։ Եվ եթե դրանց մի մասն առանձնապես չի տարբերվում ժամանակակից պատկերից, ապա Հարավ-արևելյան Ասիայից դեպի Ամերիկա մոլորակը միանգամայն այլ տեսք ունի։ Ցամաքի ահռելի զանգվածներ են պատկերված այնտեղ, որտեղ ներկայում անծայրածիր օվկիանոսն է։ Կարիբյան կղզիներն ու Ֆլորիդա թերակղզին ընդհանրապես բացակայում են։

Հասարակածից քիչ ներքև, Խաղաղ օվկիանոսում պատկերված է մեծ կղզի, որը չափերով հավասար է ժամանակակից Մադագասկարին։ Ժամանակակից Ճապոնիան ահռելի մայրցամաքի մաս է կազմում, որը մոտենում է Ամերիկայի ափերին և հեռու տարածվում դեպի հարավ։ Գլոբուսը առեղծված է մնում ժամանակակից գիտության համար։