Սևանա լճում թունավոր ջրիմուռների բուռն աճի հետևանքով առաջացած իրավիճակը խոշոր մարտահրավեր է մեր ազգային անվտանգության նկատմամբ

ՀՀ ղեկավարության, համապատասխան այլ պաշտոնյաների արձագանքը, սակայն, համարժեք չէ այդ վտանգին

ՀՀ առողջապահության նախարարությունը Սևանա լճում կապտականաչ թունավոր ջրիմուռների բուռն աճի ու դրա հետևանքով լճի կանաչելու վերբերյալ ս.թ. հուլիսի 3-ից (եթե ոչ ավելի վաղ) սկսված ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներից, ահազանգերից ավելի քան մեկ շաբաթ հետո, հուլիսի 11-ին քաղաքացիներին վերջապես խորհուրդ տվեց  չլողալ այն վայրերում, որտեղ կան ջրիմուռներ:

Նկատենք, որ ըստ արբանյակային լուսանկարների, Սևանա լիճը գրեթե ամբողջությամբ կանաչած է, պարզապես ափից ջրիմուռների կանաչն երևում է միայն այն վայրերում, որտեղ դրանց աճն ավելի հզոր ու դրանք ավելի խիտ են (Մարտունիի, Վարդենիկի, Լիճքի, Ձորագյուղի, Վարդաձորի, Երանոսի, Նորաշենի և այլ բնակավայրերի դիմաց):

Քանի որ նախապես, նույնիսկ առանց լաբորատոր հետազոտությունների, թեկուզ անցած տարվա փորձից ելնելով, հայտնի էր, որ կապտականաչ ջրիմուռները կարող են թունավոր լինել, այսինքն` խոսքը լճի կանաչած հատվածներում լողացողների, հնարավոր է նաև Սևանա լճից որսված ձկներով սնվողների առողջությանը սպառնացող վտանգի մասին էր, առողջապահության նախարարության վերոնշյալ արձագանքը, անշուշտ, չի կարելի համարել օպերատիվ արձագանք:

«Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին Սևանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում` խուսափել լողալ այդ հատվածներում,- նշված է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության  մեջ:- Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։

Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ,  մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։

Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`

  • չլողալ այն վայրերում, որտեղ նկատվում է ջրիմուռներ
  • արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում,
  • վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:

Չնայած նրան, որ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ առավել ռիսկային տարածքներն են Վարդենիկ և Մարտունի համայնքներին հարակից լողափերը, սակայն ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից:

Ուստի ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս խուսափել այն տեղերում լողալուց, որտեղ ջրում առկա են ջրիմուռներ»:

Թե ՀՀ առողջապահության նախարարությունը հստակ զգուշացման փոխարեն, որ լճի կանաչած հատվածներում չի կարելի լողալ, դա վտանգավոր է լողացողների առողջության համար, ինչո՞ւ է ընդամենը հորդորում, խորհուրդ տալիս խուսափել լողալ այդ հատվածներում, վախեցա՞ծ է ինչ-որ մարդկանցից, պաշտոնյաներից, ինքը պետք է պարզաբանում տա: Հավանաբար զգուշանում է Սևանա լճի ափամերձ հանգստյան գոտիների վարձակալների. տնտեսավարողների բիզնես շահերին դիպչելուց, նրանց զայրույթից ու բողոքի ակցիայից, որոնք տուժում են լճի ափին հանգստացողների քանակի նվազելուց, սակայն մարդկանց առողջությունը շատ ավելի կարևոր է, քան ոմանց բիզնես շահերը: Հիշենք, որ 2018թ. ՀՀ առողջապահության նախարարության նույնաբնույթ հայտարարությունից և վտանգի առնչությամբ բազմաթիվ ԶԼՄ-ների հրապարակումներից հետո հետո Սևանի ափամերձ հանգստյան գոտիների վարձակալները, տնտեսավարողները բողոքի ակցիա էին իրականացրել, մասնավորապես` Փաշինյանից և «թավշյա հեղափոխականներից» ընդօրինակելով, Սևան-Երևան մայրուղու Գագարինի հատվածում ճանապարհն էին փակել կամ սպառնում էին փակել:

Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների բուռն աճը, ՀՀ ղեկավարության, համապատասխան այլ պաշտոնյաների շրջանում կարծես թե առանձնապես մտահոգության տեղիք չի տալիս, ոմանց կողմից ընդհանրապես լռություն է, ոմանց կողմից էլ ոչ համարժեք արձագանք: Մինչդեռ իրականում ի՞նչ վտանգ է ներկայացնում Սևանա լճում հիշյալ ջրիմուռների բուռն աճը…

Ըստ կենսաֆիզիկոս, քիմիկոս, տնտեսագետ, Հունաստանի ATINER ակադեմիայի իսկական անդամ, ԵՄ տարբեր ծրագրերի և ԱՊՀ երկրների խորհրդի փորձագետ Արմեն Ավագյանի, Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների, մասնավորապես` ցիանաբակտերիաների (անաբենա) բուռն աճը վկայում է Հայաստանի պետական անվտանգությանը նոր ու շատ խոշոր մարտահրավերի մասին: 1998 թ. Միացյալ Նահանգների բնապահպանական գործակալությունը ցիանաբակտերիաները և դրանց արտադրած թույները ներառել է աղտոտիչների ցանկում որպես առաջատարներ, այսինքն` առավել վտանգի աղբյուրներ: Ցիանաբակտերիաները կարող են հանդիսանալ ալերգիկ ռեակցիաների, գաստրոէնտրիտների ու նույնիսկ ավելի ծանր հիվանդությունների պատճառ… Կապտականաչ ջրիմուռների արտադրած նեյրոտոքսինները վնասում են նյարդային համակարգը, հեպատոտոքսինները` լյարդը, դերմատոտոքսինները գրգռում են մաշկը և լորձաթաղանթները:

Արմեն Ավագյանի տեղեկացմամբ, Սևանա լճում առկա անաբենայի (կապտականաչ ջրիմուռի տեսակ է) կողմից արտադրված նեյրոտոքսինային ալկալոիդները մարդու համար մահացու են ջրի 1 լիտրում 20 միկրոգրամ պարունակության պարագայում, աֆանատոքսիններն առաջացնում են շնչառական մկանների կաթված: Մարդկանց, անասունների, թռչունների, ձկների, խեցգետինների, ընդհանրապես ջրային ֆաունայի թունավորումը, գիտնականի հավաստմամբ, կարող է տեղի ունենալ ինչպես հիշյալ ջրիմուռների բուռն աճի շրջանում թույներ պարունակող ջրի հետ շփման կամ այդ ջուրը խմելու միջոցով, այնպես էլ այդպիսի ջրով աճեցված գյուղմթերքի օգտագործման հետևանքով: Այլ կերպ ասած, թունավորման վտանգի տակ են նաև Սևանա լճի ձկները:

Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների բուռն աճը, որին ականատես ենք այժմ, Արմեն Ավագյանի հավաստմամբ, կարող է բավական լուրջ առողջական խնդիրներ առաջացնել Հայաստանի բնակչության շրջանում, այն մեր ազգային անվտանգության նկատմամբ խոշոր մարտահրավեր է, քանի որ սպառնալիքի տակ է նաև մեր սննդի անվտանգությանը, ձկները, երբ որ այդպիսի թունավոր նյութեր են կլանում, այն մտնում է նրանց մեջ, մարդը սնվելով այդ ձկներով, անուղղակիորեն է ստանում այդ տոքսինները:

Արթուր Հովհաննիսյան