Թույլ չենք տալու, որ Քարահունջը երկրորդ Ամուլսար սարքեն

Մտահոգ մասնագետները ահազանգում են, որ Քարահունջի պեղումների ժամանակ վերամբարձ կռունկ, քլունգ և այլ շինարարական գործիքներ են օգտագործվել, այնինչ պեղումները պետք է կատարվեն վրձիններով։ Ի դեպ, այդ պեղումներն իրականացնում է հնագետ Աշոտ Փիլիպոսյանը։

«Քարահունջ աստղադիտարան» հիմնադրամի համանախագահ Գուրգեն Վարդանյանի տեղեկացմամբ, Փիլիպոսյանն ուսումնասիրությունները դեռ չավարտած՝ իր հարցազրույցներում արհամարհական-ծաղրական արտահայտություններ է թույլ տալիս ակադեմիկոս Հերունու հասցեին, և ինքնահաստատվում ակադեմիկոսի հաշվին։

Փիլիպոսյանն անցել է հայ գիտնականին վայել բոլոր սահմանները և իրեն թույլ է տալիս անգամ հայտարարել, թե զբոսավարները խաբում են Քարահունջ այցելած օտարազգի զբոսաշրջիկներին՝ ասելով, որ ստում են Քարահունջը որպես աստղադիտարան ներկայացնելով։ Արդյունքում զբոսավարները հրաժարվում են տուրիստներ տանել Քարահունջ։

Թե ինչո՞ւ է նման կեցվածք ընդունել Փիլիպոսյանը․ Գուրգեն Վարդանյանը խորհուրդ տվեց պարզել Աշոտ Փիլիպոսյանի ֆինանսավորման աղբյուրները։

Բայց միայն այսքանով չի ավարտվում Քարահունջի դեմ իրականացվող հակաքարոզչությունը․ ցուցանակների տեքստը, որի վրա ներկայացված է Քարահունջի սեղմ պատմությունը՝ իրականում գլխիվայր է ներկայացնում իրականությունը, դրանով նսեմացնում մեր ազգային արժեքները։ Ու տարօրինակն այն է, որ այդ տեքստերը հաստատվել են Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից։ Ահա թե ինչ է գրված տեքստում՝ Քարահունջը ո՞ւմ կողմից է կառուցվել, գիտությանը հայտնի չէ, սակայն հնագույն անունը Ղոշուն Դաշ է, որը ծագում է թուրքերենից։

«Քարահունջ աստղադիտարան» հիմնադրամի համանախագահը տեղեկացրեց, որ․ «2009թ․ երկարատև պայքարից հետո այդ ցուցանակը հանվեց, այն թուրքերի համար մշակութային հենք էր ստեղծում, թե ունեցել են թուրքական հուշարձան Հայաստանի սրտում։ Բայց Քարահունջի մասին առաջին հիշատակությունը պատկանում է Ստեփանոս Օրբելյանին, ինչի մասին չի հիշատակվում։ Դիմել ենք վարչապետին փոխնախարար Տիգրան Գալստյանի կատարած ապօրինությունների վերաբերյալ, նամակին այն նույն փոխնախարարն է պատասխանում, ում դեմ գրված է նամակը, բնականաբար, նամակը վարչապետին չի հասել։ Վարչապետը պետք է ավելի աչալուրջ լինի աշխատակազմի աշխատակիցների հարցում»,-նշեց մասնագետը։

Իրավաբան Պերճուհի Եթարյանը նկատեց, որ պետության վրա դրված է հուշարձանների պահպանության, վերահսկողության իրականացումը, և դրա համար կան բազմաթիվ գերատեսչություններ, հանձնաժողովներ, ովքեր պետք է զբաղվեն այդ հարցերով։ Տվյալ խնդրի մասին մի տարի է՝ խոսվում է, սակայն համապատասխան մարմինների կողմից անհրաժեշտ ուշադրության չի արժանանում։

Իրավաբանը հավելեց, որ նրանք դեմ չեն պեղումներին, խնդիրն Աշոտ Փիլիպոսյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճն է, որի աշխատանքի արդյունքում հուշարձանը վնասվել է։ Այժմ փաստահավաքման գործընթաց է իրականացվում՝ հանցագործության մասին հաղորդում տալու նպատակով, քանի որ մասնագետներն ապազգային այս երևույթի դեմ պայքարի այլ տարբերակ չեն տեսնում։

Լուսինե Այրապետյան