Արենի համայնքի ավագանին կրկին մերժեց մետաղական հանքարդյունաբերությունը․ ՀԲՃ

Արենի խոշորացված համայնքի ավագանին հուլիսի 10-ի նիստում քննարկել է  «Արենի համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» 2019 թվականի մայիսի 6-ին ընդունած իր որոշումն անվավեր ճանաչելու հարցը, հաղորդել է Հայկական բնապահպանական ճակատը:

Ավագանու նիստում բուռն քննարկում է եղել, ինչի արդյունքում 2 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ ձայներով որոշումը չի ընդունվել, որը նշանակում է, որ մետաղական հանքարդյունաբերությունն արգելող ավագանու որոշումը մնում է ուժի մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ավագանին հիմք ընդունելով համայնքի բնակիչների կողմից կազմակերպված հանրագիր-ստորագրահավաքը՝ 2868 ստորագրություն, որոշել էր Արենի համայնքը ճանաչել  էկո-տնտեսական տարածք և այսուհետ  արգելել համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավելևս հանքավայրերի  շահագործման աշխատանքները:

Այդ որոշումից հետո ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը գրություն էր ուղարկել մարզպետներին, որով խնդրել էր նրանց դիմել բոլոր ինքնակառավարման մարմիններին՝ առաջարկելով նրանց վերացնել համայնքներում հանքարդյունաբերությունն արգելելու որոշումները։

Մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ հանդես են եկել հինգ համայնք՝ 2018թ․ գարնանը Նոյեմբերյանը, 2018թ․ աշնանը՝ Ջերմուկը, 2019թ․ ապրիլին՝ Գլաձորը և 2019թ․ մայիսին՝ Արենին և Եղեգնաձորը։ Որոշումն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու առաջարկ ներկայացվել է բոլոր համայնքներին, որը մերժվել էր նաև Ջերմուկ և Նոյեմբերյան համայնքների կողմից։