ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 11-ին հավանություն է տվել 2020 ֆինանսական տարվա բյուջեին, որը նախատեսում է սահմանափակիչ միջոցներ ռուսական սուվերեն պարտքի նկատմամբ՝ ամերիկյան ընտրական գործընթացին Ռուսաստանին վերագրվող միջամտության պատճառով:

ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, ուղղումն առաջարկել են Կալիֆոռնիայի նահանգից դեմոկրատներ Բրեդ Շերմանը և Մաքսին Ուոթերսը: «Այս ուղղումը նկատի է ունենում իսկական, լուրջ պատժամիջոցներ Ռուսաստանի պետության դեմ և նախատեսում է, որ ԱՄՆ ոչ մի քաղաքացի չի կարող նոր գործարքներ կատարել ռուսական սուվերեն պարտքով:

Այն նախատեսում է նաև այդ պատժամիջոցների վերացման համար մեխանիզմ, եթե ԱՄՆ վարչակազմը հանգի եզրակացության, որ Ռուսաստանը կարող է չմիջամտել ամերիկյան ընտրություներին գոնե մեկ ընտրական ցիկլի ընթացքում, և եթե Կոնգրեսը համաձայնի այդ եզրակացությանը»,- հայտարարել է Շերմանը: «Մեզ անհրաժեշտ է լուրջ մեխանիզմ, որպեսզի Ռուսաստանին պատժենք այն բանի համար, ինչ նա արել է մեր նախորդ ընտրությունների հետ, և նրան կասեցնենք ապագա ընտրություններին միջամտելուց»,- պնդել է նա: