Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր:

ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայության տեղեկացմամբ, ՀՀ ԱԱԾ-ում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ 2 քաղաքացի իրացման նպատակով հայ-իրանական սահմանով տեղափոխել են առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 1 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց («սև շուկայում» 1 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի արժեքը 100-120 հազար դրամ է): ԱԱԾ աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019թ. հուլիսի 9-ին թմրամիջոցը տեղափոխելու ճանապարհին՝ Կապան քաղաքում, թմրամիջոցը հայտնաբերվել է ավտոմեքենայում, նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել։

Մեկ այլ դեպքով ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք կազմակերպել են ԱՄՆ-ից փոստային առաքանու միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ «ՄԴՄԱ» տեսակի («էքստազի») 148 հատ դեղահաբի՝ («սև շուկայում» 148 հատ «ՄԴՄԱ» տեսակի դեղահաբի գինը մոտ 1,5 մլն դրամ է) մաքսանենգ ճանապարհով տեղափոխումը ՀՀ տարածք: 2019թ. հուլիսի 8-ին փոստից առաքանու ստացումը կատարվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո։ Առաքանին ստանալուց անմիջապես հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Կատարվում է նախաքննություն: