Իրանը ևս մեկ անգամ «մերկացնում է» Ամերիկային

Օրերս,  հուլիսի 8-ին իրանական «Tehran Times» թերթում տպագրվեց  հետաքրքիր մի վերլուծություն՝ հիմնված Իրանի քաղաքացիական պաշտպանության կազմակերպության հրամանատարի, ԻՀՊԿ բրիգադի գեներալ Ղոլամ-Ռեզա Ջալալիի հայտարարությունների վրա: Որպեսզի պարզ լինի, թե ի՞նչ է տեղի ունենում Իրանի և մեր երկրի շուրջ, հակիրճ ներկայացնեմ  Ղոլամ-Ռեզա Ջալալիի հայտարարությունների էությունը։ Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու ճշմարտությունը, նաև այն մասին, որ ԱՄՆ-ը վախկոտների և առևտրականների փտած երկիր է ու  թե ի՞նչ է սպասվում այն երկրներին, որոնք իրենց հույսերը կապում են ԱՄՆ հետ:

«Tehran Times» թերթը գրում է՝ բրիգադի գեներալ Ղոլամ-Ռեզա Ջալալին հայտարարել է. «Իրենց անօդաչու սարքի խոցվելուց հետո, ԱՄՆ-ը դիվանագիտական ​​միջնորդների միջոցով հայտնել է, որ ցանկանում է սահմանափակ գործողություններ կատարել աննշան և անմարդաբնակ տարածաշրջանում, և խնդրեցին մեզ չպատասխանել իրենց: Սակայն Իրանը նշել է, որ ցանկացած գործողություն գնահատվելու է որպես պատերազմի սկիզբ»: ԱՄՆ ռազմատենչ հռետորաբանությունը դատապարտելով՝ գեներալ Ջալալին նաև զգուշացրեց, որ Իրանի զինված ուժերն ու ԻՀՊԿ-ը պատրաստ են հակահարված տալ ագրեսիային, և Իրանի ամբողջականության դեմ ցանկացած քայլ վճռականորեն կկասեցվի:

Դեռ մեկ ամիս առաջ իմ վերլուծություններից մեկում գրել եմ Իրանի օդային տարածքում խոցված ԱՄՆ-ի ռազմական հետախուզության «MQ-4C Triton» անօդաչու սարքի միջադեպի մասին՝ վերլուծելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, բանակի գեներալ Նիկոլայ Պատրուշևի միջև Իսրայելում կայացած հանդիպման մասին: «MQ-4C Triton» անօդաչու սարքը խոցվել է այն բանից հետո, երբ բազմիցս արհամարհվել է իրանական զինված ուժերի զգուշացումները, և ԻՀՊԿ ՀՕՊ ուժերը ոչնչացրեցին թշնամական անօդաչու սարքը: Ինչպես հայտնի է, ԻՀՊԿ-ն այնուհետև հայտարարել է, որ «MQ-4C Triton»-ի կողքին եղել է մեկ այլ ամերիկյան ինքնաթիռ, սակայն Իրանի ՀՕՊ ուժերը ձեռնպահ մնացին այն խոցելուց, քանի որ տեղեկացել էին՝ երկրորդ ամերիկյան օրինախախտ օդանավում մարդիկ կային:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն ժամանակ գլուխ էր գովում, իբրև թե, տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժերը բերվել են մարտական վիճակի և ուզում էր հարված հասցնել Իրանին: Բայց վերջին պահին նա «խղճաց իրանցիներին» և չեղարկեց հարվածը: Սակայն Թրամփի խոսքերից մի քանի ժամ անց ԻՀՊԿ նոր հրամանատար, բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին հայտարարեց, որ իրանական տարածքներում օտարերկրացիների ցանկացած ներխուժումը հանգեցնելու է ջախջախիչ արձագանքի, և ԱՄՆ-ի խոցված անօդաչու սարքը «ուղիղ ուղերձ» է ամերիկացիներին`գայթակղություններից զերծ մնալու համար:

Ներկայացնեմ ամերիկամետ ռուսալեզու կայքէջի հեղինակների խոսքերը ․«Բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին ԱՄՆ ոխերիմ թշնամին է … Հոսեյն Սալամին Իրանի իշխանական վերնախավի ամենառազմատենչ անդամներից մեկն է»:

Վերադառնանք գեներալ Ջալալիի հայտարարությանը: Այժմ պարզ են դառնում Թրամփի ՝ «հարվածը չեղարկելու» որոշման վրա ազդեցություն ունեցած գործոնները։ Նա  ուզում էր տարածաշրջանում որոշակի բիզնես-շոու բեմադրել, բայց կոշտ պատասխան ստացավ, այն է՝ հակահարվածն անխուսափելի է, երբ գոնե մեկ ամերիկացի կամ ամերիկյան ինքնաթիռ խախտի Իրանի սահմանները։ Թե ո՞ւմ միջոցով է Թրամփը Թեհրանին ուղղել «չպատասխանելու» էժանագին առաջարկը՝ ենթադրությունները տարբեր են: Ամենայն հավանականությամբ`Շվեյցարիայի, Սաուդյան Արաբիայի կամ Միացյալ Արաբական Էմիրությունների միջոցով: Այն փաստը, որ հուլիսի 8-ին Իրանը բացահայտորեն խոսեց հունիսին Թրամփի «առևտրային առաջարկի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին, փաստում է  այն մասին, որ հնարավոր գրոհին հակահարված տալու Իրանի պատրաստականության մակարդակը ավելի է մեծացել։ Ավելին, մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ Թեհրանը մասամբ համակարգում է իր պաշտպանական պատրաստությունները Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի և այլ հարցերով իր դաշնակիցների հետ:

Եզրակացություններ չեմ անի: Իրանի, հետևաբար, Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը տեղում չի դոփում, այն անընդհատ փոփոխվում է: Սակայն ակնհայտորեն երևում է, որ չստանալով Իրանի համաձայնությունը «շոու-գործարքի» համար, Թրամփն ու նրա հակաիրանական շրջապատը հրաժարվել են Իրանի վրա ռազմական հարվածից ոչ թե նրա համար, որ «խղճացին իրանցիներին», այլ ամբողջ Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներում ամերիկյան դիակների «սարեր» գոյանալու վախից։

Պետք չէ բացառել, որ ԱՄՆ-ը տեղեկացված էր. հակահարվածների սպառնալիքը նույնպես կախված է ԱՄՆ Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաների վրա՝ Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում և Միջին Ասիայում: Պետք չէ կասկածել Իրանի զինված ուժերի լրջությանը:

Սերգեյ Շաքարյանց