Կառավարությունն ընդունել է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատականացման նախագիծը

ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասինե համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:

ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը նշեց, որ Չինաստանի հետ ՀՀ միջպետական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում կայուն վերընթաց են ունեցել, զարգացման դինամիկա է գրանցվել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում։

«Հայաստանն ու Չինաստանը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել երկու երկրների միջև առկա կապերն ավելի խորացնելու, և վիզաների ազատականացման հարցը մեծ դեր կունենա այս հարցում»,-ասաց նա։

Փոխնախարարի խոսքով`Չինաստանն արդեն իսկ սկսել է վիզաների ազատականացման գործընթացը:  Երկու երկրների միջև վիզաների ազատականացման ամբողջ գործընթացը մեկ ամսից հետո կավարտվի, իսկ ուժի մեջ կմտնի կողմերին այդ մասին տեղեկացնելու օրվանից: