Զբոսաշրջիկներն այս տարի Հայաստանում 120 մլն դոլար ավելի են ծախսել

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան ժամանած զբոսաշրջիկներն այս տարի 120 մլն դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարի՝ հավելելով, որ ցուցանիշն արձանագրել է ՀՀ ԿԲ-ն` արտասահմանյան բանկային քարտերով ՀՀ տարածքում արված վճարումների հաշվարկով։

«Իրավակարգը ևս շատ կարևոր է, որպեսզի երկրում զբոսաշրջիկներն իրենց լավ զգան»,- ասաց վարչապետը` դիմելով ոստիկանության ու ազգային անվտանգության ղեկավարներին։

«ՀՀ-ում, ինչպես մեր քաղաքացիները, այնպես էլ զբոսաշրջիկները պետք է անվտանգ զգան իրենց, և սա շատ կարևոր պայման է զբոսաշրջության զարգացման համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի ներկայացրած տվյալներին որոշ թվեր ավելացրեց նաև ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

«Մենք 2013-ին ուսումնասիրություն ենք արել, որից երևում է, որ ամեն զբոսաշրջիկ Հայաստանում ծախսել է 730 դոլար, այսօրվա տարբեր մեթոդներով հաշվարկները ցույց են տալիս, որ 880 դոլար են ծախսում, իհարկե հաշվի առնելով տարբեր գործոններ»,- ասաց Ջավադյանը։

Նրա խոսքով`արտասահմանյան բանկային քարտերով այս տարի` նախորդ տարվա համեմատ, զբոսաշրջիկներն 80 տոկոսով ավելի շատ վճարումներ են կատարել սննդի կետերում, 32 տոկոսով ավելի շատ` հյուրանոցներում, 36 տոկոսով ավելի շատ` զբոսաշրջային գործակալություններում, 74 տոկոսով ավելի` սուպերմարկետներում։