ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ջուդի Չուի՝ Արցախի վերաբերյալ «Ռոյս-Էնգելի» առաջարկը պաշտպանող լրացումը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուի լրացումն ի պաշտպանություն Արցախի վերաբերյալ «Ռոյս-Էնգելի» առաջարկի։

Այս մասին տեղեկացրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը թվիթերյան իր միկրոբլոգում:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է լրացման ընդունումը, որը վերաբերում է զորքերի շփման գծից դիպուկահարներին հեռացնելուն և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացմանը։ Նշենք, որ նախաձեռնության համաձայն՝ առաջարկվում էր նաև սահմանների երկայնքով տեղակայել հատուկ տեխնիկա՝ լոկատորներ, որոնք կորոշեն հրադադարի ռեժիմը խախտողին:

«Ռոյս-Էնգելի» առաջարկները, որոնք առաջին անգամ առաջադրվել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախկին նախագահ Էդ Ռոյսի և ներկա նախագահ Էլիոթ Էնգելի կողմից 2015-ի աշնանը, ստացել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամի աջակցությունը։