Չի կարելի թույլ տալ, որպեսզի Ադրբեջանն ահաբեկի իր հարևաններին․ Բրեդ Շերման

ԱՄՆ կոմիտեն կքվեարկի Շերմանի լրացումը, որով արգելվում է Ադրբեջանին մի շարք զինատեսակների վաճառքը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կարգի կանոնների կոմիտեն քվեարկել է կոնգրեսական Բրեդ Շերմանի լրացման դիտարկման օգտին, որը կարգելի Ադրբեջանին վաճառել սպառազինություններ, որոնք կբարձրացնեն այդ երկրի՝ քաղաքացիական ինքնաթիռներ խփելու կարողությունը։

Այս մասին տեղեկացրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Այս նախաձեռնությունն ուղղված է այն բանին, որպեսզի Բաքվին թույլ չտրվի մշտական սպառնալիք ներկայացնել Ստեփանակերտի օդանավակայանի քաղաքացիական ավիացիային։

Ակնկալվում է, որ Շերմանի նախաձեռնությունը եւ համապատասխան օրինագիծը կքննարկվեն այս շաբաթ։ Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Շփեյերը և Ադամ Շիֆը նույնպես կողմ են լրացմանը։

«Այս լրացումը հուժկու ազդանշան կլինի Ադրբեջանին այն մասին, որ նա չի կարող այսուհետ ևս սպառնալ քաղաքացիական ինքնաթիռներ խփելով։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի Ադրբեջանն ահաբեկի իր հարևաններին»,- ասել է Շերմանը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ ԱՄՆ-ը դեմ հանդես կգա քաղաքացիական ինքնաթիռների խփման ցանկացած սպառնալիքի։

2011 թվականի մարտին Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Արիֆ Մամեդովը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի կառավարությունը նախազգուշացրել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO), որ չի արտոնել թռիչքները Լեռնային Ղարաբաղում, եւ նշել է, որ համաձայն ավիացիայի մասին օրենքի, իրենք կարող են «ֆիզիկապես ոչնչացնել այնտեղ թռչող ինքնաթիռները»։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նույնպես ողջունել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած՝ «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքի լրացումը, որով արգելվում է Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը, որը կբարձրացնի քաղաքացիական ինքնաթիռներ խփելու նրա հնարավորությունը։