«Վեոլիա Ջուրն» անխնա վատնում է խմելու ջուրը ու ստիպում քաղաքացիներին, որ վճարեն (տեսանյութ)

Բյուրեղավանից դեպի Նուռնուս բնակավայր և Ամառանոցային թաղամաս տանող ճանապարհն ավելի քան երկու ամիս անանցանելի է դարձել ջրի վնասված խողովակներից դուրս հորդացող և ճանապարհը ողողող ջրի պատճառով։ Ականատեսների վկայությամբ՝ վթարից առաջ ճանապարհն ասֆալտապատ էր ու հարթ, սակայն երկու ամիս շարունակ ջուրը քայքայել է ասֆալտը և ճանապարհահատվածի փոսորակներն իսկական որոգայթ են մեքենաների համար․ վթարային իրավիճակներն այստեղ անխուսափելի են։

Խմելու ջրի վնասված խողովակների, ջրային ռեսուրսի վատնման և ջրի կորստի մասին առաջինն ահազանգել էր ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Ստեփանյանը՝ հունիսի 25-ին դիմելով ՀՀ գլխավոր դատախազությանը, Հայաստանի կառավարությանը, Կոտայքի մարզպետարան, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին։

«Մոտ երկու ամիս է, ինչ տվյալ հատվածում վնասված է խմելու ջրի խողովակը, որը անցնում է Նուռնուսից դեպի Բյուրեղավան և Արզնի։ Արդեն ճանապարհը լրիվ քանդվել է և դառնում է անանցանելի։ Մի քանի անգամ զանգահարել ենք «Վիոլա» ՓԲԸ, բայց մինչ այսօր ոչ մի շարժ չկա անգամ։ Բացի ճանապարհի քանդվելուց, հսկայական քանակի խմելու բարձրորակ ջուր հոսում է անտեղի։ «Վիոլա ջուրը» թքած ունի այս խնդրի վրա»,- գրել է օգտատերը։

Ավելի վաղ՝ հունիսի 14-ին, ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Ավետիսյանը նույնպես դիմել էր Կոտայքի մարզպետարան և «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ հայտնելով, որ խմելու ջրի լիճը բացի անհարմարություններից, բնակիչներին զրկում է գրաֆիկում նշված «շուրջօրյա» խմելու ջրից: Նրա տեղեկություններով՝ վերոնշված տարածքում ջրամատակարարումը «շուրջօրյա» է, այնինչ բնակիչները բողոքում էին, որ խմելու ջրի ժամանակացույցը սահմանափակվել է: «Վեոլիա ջուր» ընկերությունից նրան հետևյալ պատասխանն է տրվել․ «Հարգելի դիմումատու, տեղեկացնում ենք, որ նշված տարածքով անցում են Նուռնուս ամառանոցային թաղամասի բաժանորդների շուրջ 40 տարբեր տրամագծի ջրագծերը, որոնք տարբեր պատճառներով վնասված են: Պետք է նշել, որ նշված ջրագծերը կառուցվել են 31.12.2016-ին նախորդած ժամանակահատվածում, ուստի դրանցում առկա խնդիրների կարգավորումը բաժանորդների պարտավորությունն է: Այգեգործական տարածքների սեփականատերերը խնդրին տեղյակ են, սակայն որևէ աշխատանք չեն կատարել: Նշենք, որ թեև տվյալ վթարների վերացման աշխատանքների կատարումը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ պարտավորությունների մեջ չի մտնում, այնուամենայնիվ, ընկերության մասնագետները բազմիցս օգնության կարգով իրականացրել են վթարների վերացման աշխատանքներ: Ներկայումս առաջացած ջրի մեծածավալ կուտակումները թույլ չեն տալիս ճշգրիտ իմանալ, թե որ ջրագծերն են վթարված, ուստի ս.թ հուլիսի 26-ից ընկերությունը նախաձեռնել է նոր բաժանարար հանգույցի կառուցումը: Նշված աշխատանքների ավարտից հետո վնասված անհատական միացումները դուրս կգան շահագործումից և միացումները կկատարվեն ջրագծի նոր կառուցված հատվածից»:

Այդ օրվանից անցել է ավելի քան տասը օր, իսկ խնդրահարույց ճանապարհահատվածը դեռևս շարունակում է անհարմարութուններ պատճառել այդտեղով անցնող մեքենաների վարորդներին, իսկ խմելու ջուրն առանց սպառվելու վատնվում է՝ ավելացնելով «Վեոլիա ջուր» ընկերության ջրային կորուստները, որի համար, ի դեպ վճարում ենք մենք՝ բաժանորդներս։

Մանրամասները՝ տեսանյութում