Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը

80 տարեկանում մահացել է Երևանի «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ-ի վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:

Հովիվյանը ծնվել էր 1938թ. նոյեմբերի 17-ին՝ Սուխումում: Ֆուտբոլիստի կարիերան սկսել է Քութիայիսի «Լոկոմոտիվում», 1958-ին տեղափոխվել Երևանի «Սպարտակ»: 1961-ին զորակոչվել է բանակ և սկսել հանդես գալ Մոսկվայի ԲԿՄԱ-ում, բայց ՀԽՍՀ-ի իշխանությունների, Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարուբյանի, կաթողիկոս Վազգեն Առաջինի ջանքերով և անձամբ Անաստաս Միկոյանի ու մարշալ Հովհաննես Բաղրամյանի միջամտությունից հետո Հովիվյանին թույլատրում են ծառայությունը շարունակել Հայաստանում և հանդես գալ Երևանի «Սպարտակի» կազմում, որը հետագայում վերանվանվել է՝ դառնալով Երևանի «Արարատ»:

Իր կարիերայի ընթացքում կարճ ժամանակահատվածում հանդես է եկել նաև Մոսկվայի «Սպարտակում», ապա վերադարձել «Արարատ»։ Հովիվյանն մարզիկի իր կարիերան ավարտել է 1971-ին՝ Վանաձորի «Լոռիում»: «Արարատի» կազմում, ընդհանուր առմամբ մասնակցել է 298 հանդիպման, դարձել է 62 գոլի հեղինակ:

Որպես մարզիչ աշխատել է Գյումրու «Շիրակում», «Լոռիում»: 1978թ. մեկնել է Ինդոնեզիա, որտեղ մարզել է տեղի ազգային հավաքականը, ապա առաջնությունում հանդես եկող մի շարք թիմերի: 2001-2004 թթ. եղել է Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ:

Հովիվյանի խաղին ֆուտբոլասերներն ու մասնագետները հիացմունքով էին հետևում։ Վստահաբար՝ նա ԽՍՀՄ-ում հանդես եկող ֆուտբոլիստների մեջ լավագույն տեխնիկան ուներ: Հանդես գալով հարձակվողի դիրքում՝ Հովիվյանը մի շարք ֆանտաստիկ գոլերի հեղինակ է դարձել: Նա իր պատմական «չոր տերև» հարվածով երեք անգամ գրավել է մրցակիցների դարպասը՝ անկյունային նշակետից կատարած ուղիղ հարվածով:

Կյանքից հեռացել է Սարգիս Հովիվյանը…Ի դեպ, Սարգիս Հովիվյանը անկյունային հարվածով գոլ խփած առաջին հայ ֆուտբոլիստն է։ Նրան երեք անգամ հաջողվել է անկյունային նշակետից ուղիղ հարվածով գրավել մրցակցի դարպասը։

Опубликовано Գևորգ Լոռեցյան / Gevorg Loretsyan Понедельник, 8 июля 2019 г.