Հունաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել են աջ կենտրոնամետները

Հունաստանի «Նոր դեմոկրատիա» (ՆԴ) առաջատար ընդդիմադիր աջ կենտրոնամետ կուսակցությունը՝ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ հաղթել է հուլիսի 7-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով քվեների 39,83 տոկոսը։ ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, Ներքին գործերի նախարարության կողմից տրված քվեաթերթիկների 96,15 տոկոսի հաշվարկման արդյունքներով՝ ՆԴ-ն կունենա 158 տեղ երկրի 300-տեղանոց միապալատ խորհրդարանում, ինչը նրան թույլ կտա ինքնուրույն կազմել կառավարություն:

Վարչապետ Ալեքսիս Ցիպրասի արմատական ձախ ուժերի կոալիցիան (ՍԻՌԻԶԱ) ստացել է քվեների 31,55 տոկոսը (86 տեղ), «Փոփոխությունների շարժում» (ԿԻՆԱԼ) ձախ կենտրոնամետ կուսակացական միավորումը՝ քվեների 8,05 տոկոսը (22 տեղ), Հունաստանի Կոմկուսը՝ քվեների 5,32 տոկոսը (15 տեղ), նախկին լրագրող Կիրիակոս Վելոպուլուսի վերջերս հայտնված ծայրահեղ աջ «Էլինիկի լիսի»-ն («Հունական որոշում»),՝ 3,71 տոկոսը (10 տեղ), ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսի ՄԵՌԱ25 (DiEM25) ձախ շարժումը՝ 3,45 տոկոսը (9 տեղ): Խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ էր հաղթահարել երեքտոկոսանոց արգելքը:

Ցիպրասն ընդունել է իր պարտությունը և հայտարարել, որ հուլիսի 8-ին Միցոտակիսին կընդունի իր նստավարյում և «նրան կհանձնի վարչապետի առանձնասենյակը, ինչպես դա երկրում սահմանված է քաղաքական մշակույթով»: