Այդ փաստաթղթից ադրբեջանական խավիարի հոտ է փչում

Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ

Պարոն Բաբայան, Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանին Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկվել է Ալան Փարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում, խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցը, որում տեղ են գտել խնդրահարույց ձևակերպումներ։ Մասնավորաբար, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ մեկ հարթությունում կոչ է արվում հարգել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինչպես նաև արցախյան խնդիրը ներկայացվում է այլ հակամարտությունների շարքում, այն դեպքում, երբ դրանք առանձնահատուկ մոտեցման կարիք ունեն: Ի՞նչ փաստաթղթի հետ գործ ունենք։

– Բնականաբար, մեզ համար անընդունելի են նման ձևակերպումները, դրանք առհասարակ որևէ կերպ չեն արտացոլում իրական իրավիճակը։ Այս փաստաթղթից ադրբեջանական խավիարի հոտ է փչում։ Արդեն որերորդ անգամ է, որ Ադրբեջանը տարբեր եվրոպական կառույցների պատգամավորներին կաշառելով ու այլ հնարքներ կիրառելով այսպիսի բանաձևեր է առաջարկում։ Իհարկե, այս բանաձևը որևէ պարտադիր ուժ չունի։ Այն որևէ կերպ չի կարող ազդել տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերադասավորության վրա։

Այդ փաստաթուղթը կիրառման համար պարտադիր չէ՞։

– Իհարկե, այդ փաստաթուղթն ամենևին պարտադիր չէ կիրառման համար։ Խնդիրն այլ է, ընդհանուր առմամբ, տհաճ տպավորություն է ստեղծվում, որ նման կառույցում ի հայտ են գալիս այդպիսի բովանդակությամբ փաստաթղթեր։ Այն խնդրի էությունը չարտացոլող փաստաթուղթ է։

Սա ի գիտություն ընդունելով, մենք պետք է հասկանանք, որ հակառակորդը չի փոխել իր էությունը, և մշտապես փորձելու է վնասել մեզ բոլոր դաշտերում՝ քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական, ռազմաքաղաքական։ Եվ ուրեմն, մենք պետք է իրականացնենք մեր հստակ քաղաքականությունը։

 – Փաստորեն կարող ենք ասել, որ սա մի փաստաթուղթ է, որը գրվել է Բաքվում:

– Անկասկած, հենց այդպես էլ եղել է։ Գրել են Բաքվում, հետո բերել ու հրամցրել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին։ Ադրբեջանը ծախսում է հսկայական գումարներ ու իրականացնում նման լոբբիստական քաղաքականություն։ Դե թող շարունակեն աննորմալ քանակի գումարներ ծախսել նման անարժեք բանաձևերի ընդունման վրա։ Իսկ մենք պետք է շարունակենք մեր քաղաքականությունը՝ որևէ կառույցի վրա հույս չդնելով։ Տեսնում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում, ինչպիսի կազմակերպություններ կան ու ինչպիսի բանաձևեր կարող են ընդունվել։ Սա հասկանալով՝ մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը։

Դուշանբեում՝ Փաշինյանի ու Ալիևի միջև ձեռքբերված պայմանավորվածություններով հաստատվել էր օպերատիվ կապ, բայց ամիսներ անց պարզվեց, որ շփման գծում օպերատիվ կապը չապահովեց ակնկալվող անվտանգությունը։ Եվ մեկ տարի անց միայն գործող իշխանությունն սկսեց հիշել 2016 թվականի Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների մասին։ Հիմա ի՞նչ քայլեր են արվելու այդ պայմանավորվածությունների ուղղությամբ։

– Նախ, օպերատիվ կապը չպետք է դիտարկել հակամարտության կարգավորման կարևոր մեխանիզմ։ Այն թույլ է տալիս երկու երկրների ղեկավարությանն ինչ-որ հարաբերություններ, կապեր պահպանել միմյանց հետ ու իրավիճակի սրման դեպքում օպերատիվ ձևով արձագանքել։ Նկատեմ, որ սա կարևոր, բայց զուտ տեխնիկական հարց է։

Իսկ ես այն կարծիքին եմ, որ բոլոր, այդ թվում Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է շարունակել, այդ թվում նաև Դուշանբեի պայմանավորվածությունը պետք է ուժի մեջ պահել։

Եթե դրանցից որևէ մեկը նպաստում է կայունության, խաղաղության ամրապնդմանը, ուրեմն անպայմանորեն պետք է պահպանել, չհրաժարվել դրանցից։

Բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են, բայց դրա հետ մեկտեղ չպետք է մոռանանք, որ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է։ Եվ մեր քաղաքականությունն իրականացնենք՝ այս իրողությունն աչքի առաջ ունենալով։

Այս պահին ի՞նչ իրավիճակ է Արցախի և Ադրբեջանի սահմանին։

– Իրավիճակը վերահսկելի է։ Մեր դիմաց նույն հակառակորդն է՝ իր անկանխատեսելի քաղաքականությամբ։ Իսկ հայկական կողմը շարունակում է պահել ռազմական նախաձեռնողականությունը։

Օրերս հանդիպեցին Արցախի ու Հայաստանի ԱԳ նախարարները մասնավորաբար, կարևոր հայտարարություն արեց Արցախի ԱԳ նախարարը, թե խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, իսկ ո՞վ ասաց, որ Արցախի տարածքային ամբողջականությունը կարևոր չէ։ Ի՞նչ կարևոր մեսիջ հղեցին հայկական երկու պետությունները։

– Հիմնական մեսիջն այն է, որ երկու հայկական հանրապետությունները շարունակում են սերտ փոխգործակցությունը։ Ու թող բոլորը հասկանան դա, և հանկարծ կասկած չունենան, թե Արցախի ու Հայաստանի իշխանություններն իրար հետ չենք համագործակցում կամ ինչ-որ խնդիրներ ունեն։ Նման բան չկա։ Մեր պատմությունն ապացուցել է մեր միասնակության կարևորությունը։ Հետևաբար, մեր միասնականությունն է ամենից կարևոր մեսիջը։

Արմինե Սիմոնյան