Վիետնամ գնա՞լն էր կարևոր, թե Սահմանադրության օրը սեփական երկրում անցկացնելը

Հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Սահմանադրության օրը, որը երկրի իրավական համակարգի հիմքն է, երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։

Այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Վիետնամ, այս հանգամանքը տարբեր վերլուծաբանների կողմից քննադատության արժանացավ։

Մեզ հետ զրույցում քաղաքագետ Վահան Բաբայանը նշեց, որ վարչապետի Վիետնամ կատարած այցը պետական կարևորություն չուներ, այն լոկ հերթական տուրիստական շրջագայություն էր։ Եվ այն, որ երկրի Սահմանադրության տոնին վարչապետը երկրում չէր, Բաբայանը ճիշտ չի համարում։

«Իհարկե, կարող են լինել կարևոր շրջագայություններ, և բնական է, որ երկրի ղեկավարը պետք է պաշտոնական այցեր կատարի, սակայն սա այդ դեպքը չէր։ Վիետնամը Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերի մեջ չի մտնում, մենք ավելի կարևոր խնդիրներ ունենք»։

Քաղաքական գործիչը հիշեցրեց․

«Նիկոլ Փաշինյանի պատգամավոր եղած տարիներին, երբ կառավարություն-խորհրդարան հարց ու պատասխանի ժամանակ վարչապետները չէին ներկայանում Աժ՝ գործուղման մեջ լինելու պատճառով, նա մեծ սկանդալ էր բարձրացնում, թե վարչապետը դրա իրավունքը չունի։ Այժմ նույն բանը ինքն է անում, սա վկայում է այն մասին, որ Փաշինյանը որպես պատգամավոր մի մարդ էր, որպես վարչապետ բոլորովին այլ մարդ»։

Մասնագետը նկատեց, որ ներկայիս իշխանություններն առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ «Իրենց նորակերտ պատմության դրվագներում, եթե ինչ-ինչ գործեր են արվել, նրանք գովերգում են և օր ու գիշեր բարձրաձայնում, մինչդեռ Սահմանադրությունը նրանց կողմից չի գովերգվում, քանզի այն իրենց կողմից բազմաթիվ անգամ ոտնահարվել է, դա քաղաքացու կամ փողոցներում ծափ տալու օր չէ, դա լրջագույն Մայր օրենքի օր է, որը թույլ է տվել հենց իրեն՝ Փաշինյանին ունենալ իշխանություն»։

Վահան Բաբայանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձին՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է, որ Մայր օրենքի՝ Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է։ Քաղաքագետն ասաց․ «Ես բլոտի օրենքներով քուանշ եմ հայտարարում, նման բան չկա, ինքը չի կարող նման բաներ ասել, թող դրա մասին մտածեր դատարանները փակելիս, երբ ոստիկանները չէին կարողանում խոչընդոտել այն մարդկանց, ովքեր դատավորներին արգելում էին մուտք գործել իրենց աշխատավայր։

Այնուհետև հավելեց․ «Եթե ես իմ կուսակցության ներկայացուցիչների հետ գնամ և որևէ պետական ատյանի բնականոն աշխատանքը խոչընդոտեմ, դա պատժելի է քրեական օրենսգրքով, դա հանցագործություն է համարվում։ Երկրի գործադիր իշխանության ղեկավարը ուղիղ կոչ է արել շրջափակել դատական իշխանության մարմինների և ատյանների տարածքը և խոչընդոտել գործող դատական մարմինների աշխատանքը, իսկ դա ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության խախտում»,-եզրափակեց քաղաքական գործիչը։

Լուսինե Այրապետյան